Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ լիագումար նիստ, որտեղ քննարկվեցին բյուջեի փոփոխությունները, հաջորդ տարվա ենթակառուցվածքային աշխատանքները, հաստիքային փոփոխությունները, ինչպես նաև հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը վերադարձվեց պատգամավորների առաջարկներն ավելացնելու համար։

Սակրեբուլոյի այսօրվա նիստում պատգամավորներին քննարկման համար առաջարկվեց հինգ հարց։

1. Հաշվի առնել «Եվրոպական Վրաստան-Լելո» խմբակցության ստեղծումը:

2. Փոփոխություններ կատարել 2021 թվականի բյուջեում:

3. Ախալքալաքի Սակրեբուլոյի հաստիքային փոփոխությունները:

4. Հավանություն տալ 7 ենթակառուցվածքային աշխատանքներին:

5. Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի նախագծի քննարկումը:

Բոլոր հարցերը, բացառությամբ 2022 թվականի բյուջեի նախագծի, ընդունվեցին։ Բյուջեի նախագիծն առաջարկություններով հանդերձ հետ ուղարկվեց քաղաքապետարան։ Առաջարկվեցին հետևյալ փոփոխությունները՝ ֆինանսավորել միայնակ ծնողների բարձրագույն կրթության վճարի 50%-ը, Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնագիտական դասընթացների բոլոր գերազանցիկ ուսանողներին, մասնագիտական կրթությունը խրախուսելու նպատակով, տարին մեկ անգամ տալ 150-ական լարի պարգևավճար, ինչպես նաև տարեկան երկու անգամ դրամական օգնություն տալ սոցիալապես անապահով ընտանիքներին: .

Ենթակառուցվածքային աշխատանքների հավանության ընթացքում պատգամավորների կողմից դիտողություն եղավ, որ որոշ գյուղերում ասֆալտապատվում են միջգյուղական ճանապարհները, մինչդեռ մյուս գյուղերում դեռևս ասֆալտապատված չեն գյուղ տանող ճանապարհները։ Նրանք քաղաքապետարանից խնդրեցին լինել արդարացի առաջնահերթություններն ընտրելիս։