Տարին արդեն մոտենում է իր ավարտին, մարդիկ սպասում են գալիք տարվան հուսալով, որ այն կլինի համեմատած ավելի լավը, իսկ ինչպե՞ս անցավ 2021-ը և ի՞նչ սպասողություններ ունեն մարդիկ գալիք՝ 2022 թվականից:
Այս տարին մարդկանց համար բավական բարդ ընթացք ունեցավ` համավարակ, ընտրություններ, սահմանափակումներ, պատվաստումներ և այլ իրարից տարբեր իրողություններ, որոնք տարբեր մարդկանց վրա ունեցան տարբեր ազդեցություններ, որն էլ իր հերթին ստեղծեց ոչ դրական հիշողություններ կապված այս տարվա հետ:
Jnews-ը փորձել է պարզել, թե ինչ են մտածում մարդիկ այս հարցի շուրջ:
Անին (նրա ցանկությամբ անունը փոխված է) աշխատում է դպրոցում, ուսուցչուհի է: Նրա համար տարին շատ արագ և աննկատ է անցել չնայած մի շարք բարդությունների, վերոնշյալ բոլոր հանգամանքները ազդել են նրա կյանքի որակի վրա:
«Մինչև հիմա չեմ կարողացել հարմարվել կյանքին, որը կտրուկ փոխվեց համավարակից հետո, նախ սահմանափակումներ, ապա պատվաստանյութ: Այս տարին իմ հիշողություններում թողել է նեգատիվ տպավորություններ, կարծում եմ շատերի մոտ է այդպես»:
Անին նաև անցնող տարին առանձնացնում է այն հանգամանքից ելնելով, որ տեղի ունեցան նոր ընտրություններ, սակայն ինչպես նա է շեշտում առանց նոր փոփոխությունների, մասնակցելով ընտրություններին նա առանձնապես տարբերություն չի նկատել և համարում է, որ գուցե նրանից է, որ դեռ նոր է իրականանում կադրերի փոփոխություն, սակայն առանձնակի հույսեր չունի:
«Այդքան բացասականի մեջ պետք է նշեմ նաև այն փաստը, որ լավ բաներ ևս տեղի ունեցան, դրանցից ամենաշատը կարևորում եմ վիրուսի դեմ պատվաստանյութի լայնորեն կիրառման պրոցեսը, քանի որ հնարավորություն ունեցա պատվաստվել և ինձ զգալ ավելի ապահով, ինչը հնարավոր չէր անցյալ տարի: Իսկ ինչ վերաբերվում է ապագային, գալիք տարվանից ակնկալում եմ, որ այս տարվա բոլոր բացերը կլրացնի, իսկ բացասականը կփոխարինվի դրականով»:
Քնարիկ Յուզբաշյանը ի տարբերություն Անիի, այս տարին համարում է լավագույններից մեկն իր կյանքում, քանի որ հնարավորություն է ունեցել ծանոթանալ շատ մարդկանց հետ և ձեռք բերել լավ ընկերներ:
«Որոշ ժամանակ դասերը հեռավար էին, դա իհարկե լավ չէր, բայց այդ ժամանակ ես կարողացա մասնակցել առցանց թրեյնինգների և ուսուցողական հանդիպումների, ստացա գիտելիքներ տարբեր ոլորտներից»:
Ինչ վերաբերվում է գալիք տարվան Քնարիկը ակնկալում է, որ այն կլինի առանց համաճարակի, առանց պատերազմների:
Դպրոցական կյանքից բավական տարբերվում է ուսանողական կյանքը և այդ ոլորտը ամենաշատ տուժվածներից մեկն է: Արմինե Պոզոյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում, և այդ ամբողջ ընթացքը անցել և անցնում է առցանց:
«Այս տարի էլ ստիպված եղանք ուսանողական կյանքը անցկացնել տնից, իսկ ինձ համար առանձնակի խնդիր է մնում լեզվի լրիվ տիրապետման հարցը, քանի որ կարծում եմ դրա համար պետք է վրացիների հետ շփում, որը հնարավոր չէ տնից»:
Չնայած այս հանգամանքին, նա սահմանափակումները համարում է լավ այն առումով, որ կասեցնում է վիրուսի տարածումը: Հաջորդ տարվանից նա ակնկալիքներ չունի այլ տարբեր նպատակներ է իր առաջ դրել, որոնք պետք է իրականցնի:
Լիդա Ալմասյան