Ախալքալաքի Ձնելաձե փողոցում արդեն մեկ օր է ինչ կոյուղու ջուրը վարարում է փողոցով՝ լցվելով բնակիչների ավտոտնակներն ու նկուղները, իսկ Վրաստանի միացյալ ջրամատակարարման աշխատակիցները հրաժարվում են վերանորոգել կոյուղին, քանի-որ դիտահորը ասֆալտի տակ է։

ulica

«Երեկվանից ջուրը փողոցով հոսում է, երեկոյան ավելի ուժեղ էր քան հիմա։ Երեկ ջուրը լցվել էր մեր ավտոտնակ, համարյա տուն էր լցվում, շեմի մոտ կտորներ ենք փռել, որ ջուրը ներս չլցվի», – մեզ հետ զրույցում ասաց Ձնելաձե փողոցի բնակիչ Քամալյան Գարիկը։

jljl jur

Կոյուղու ջուրը 30 աստիճան եղանակային պայմաններում հոսում, և տհաճ հոտ ու վարակ տարածելով, հասնում է մինչև հարակից մանկապարտեզի մոտակայքը։

«Ջուրը լցվել է նկուղը, տարաները ջրի վրա լող են տալիս, գոնե մաքրեին, ամբողջ փողոցի կոյուղու ջուրը մեր նկուղն է լցվում, անգամ զզվում ենք ներսում եղածից օգտվենք», – մեզ հետ զրույցում ասաց նույն փողոցի բնակիչ Գոգորյան Սուսաննան։

podval

Բնակիչները տեղեկացրել են Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներին, ովքեր եկել են, ուսումնասիրել ու հեռացել:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանի հետ, ով ասաց՝ «Մենք տեղյակ ենք վթարից, սակայն ոչ մի աշխատանք չենք կարող իրականացնել, քանի դեռ դիտահորերը ասֆալտի տակ են գտնվում, մենք ճանապարհաշինարար չենք, որ համ ասֆալտը քանդենք, համ էլ կոյուղին վերանորոգենք։ Մունիցիպալիտետը թող բարի լինի ու ստիպի աշխատակիցներին գնան ասֆալտը քանդեն, որ մեր աշխատակիցները կարողանան աշխատել», – ասաց նա։

Իսկ ստեղծված իրավիճակը խառնաշփոթ է առաջացրել պատասխանատուների որոնման մեջ, կոյուղու ջուրը վարարում է Ձնելաձե փողոցով:

Ջուլիետա Տոնականյան