Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ախալքալաքում, Riverside inn hotel-ում, տեղի ունեցավ «Էստոնիայից Վրաստան» նախագծի շնորհանդեսը։
Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ֆինանսավորում է զարգացման և մարդասիրական օգնության «From Estonia to Javakheti» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է «Սաուկեթեսո ցխովրեբա» (հայ.՝ լավագույն կյանք) հասարակական կազմակերպության կողմից։
Շնորհանդեսը սկսվեց էստոներեն երգով՝ առաջին դասարանի աշակերտուհի Նանա Հունանյանի կատարմամբ։ Նա երգը պատրաստել էր Էստոնիայից և Վրաստանում Էստոնիայի դեսպանատան հյուրերի պատվին։
Ելույթով հանդես եկան «Սաուկեթեսո ցխովրեբա» կազմակերպության նախագահ Շողիկ Ռաիսյանը, Վրաստանում Էստոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ, նախագծում որպես դասընթացավարներ ներգրավված էստոնացի փորձագետներ, ինչպես նաև զբոսաշրջության հարցերով տեղացի փորձագետներ և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Ելույթներն ուղեկցվում էին նախագծի ընթացքում նկարահանված տեսանյութերով, լուսանկարներով, ինչպես տեղի, այնպես էլ Էստոնիայի տեսարժան վայրերից:
Երիտասարդ կամավորները լեգենդներ պատմեցին: Ինչպես նաև շենքի բակում, գեղատեսիլ տեղանքում, գետի ափին հյուրերին սպասվում էր անակնկալ՝ թվային և դասական գեղանկարչության, ինչպես նաև նախագծի շրջանակներում պատրաստված տարբեր ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի տեսքով և ոչ միայն։ Հետաքրքիր ցուցահանդեսի ֆոնին երիտասարդ աղջիկները հանդես եկան հայկական և վրացական պարերով։
Շողիկ Ռաիսյանի խոսքով, նախագծի շրջանակներում իրենք շատ բան իմացան Էստոնիայում զբոսաշրջության զարգացման մասին, ինչը ցանկանում են կիրառել Ջավախքի զբոսաշրջության զարգացման համար։
«Էստոնական քաղաքը, մոտավորապես նույնանման է, ինչ մերը, մեծ առաջխախղացում է ցուցաբերել զբոսաշրջության զարգացման ոլորտում, այնտեղ զբոսաշրջությունը զարգացնում են շուկայագետները։ Այս նախագիծը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր քաղաքը կարող է մեծ զարգացում ունենալ զբոսաշրջության օգնությամբ։ Մենք հայտնաբերեցինք Էստոնիայում մեզ անհրաժեշտ մասնագետներին, ովքեր վերապատրաստեցին մեր երիտասարդներին, տվեցին զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ տարբեր հետաքրքիր հմտություններ, ինչպես նաև՝ մեծ մոտիվացիա»,- ասաց Շողիկ Ռաիսյանը։
«Սաուկեթեսո ցխովրեբա» ՀԿ-ի շահած դրամաշնորհային ծրագիրը ներառում է համագործակցություն Ախալքալաքի մունիցիպալիտետում զբոսաշրջության զարգացման համար Ջավախքում, ներառյալ Աբուլի լեռան մոտ քեմփինքի համար տաղավարի տեղադրումը, հանդիպումներ, տոնական միջոցառումներ, էստոնացի մասնագետների վերապատրաստում։
1) Զբոսաշրջության զարգացման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հետագա համատեղ համագործակցության համար։
2) Երիտասարդներին թվային գեղանկարչություն սովորեցնելու՝ օգտագործելով համակարգչային ծրագիր՝ ցուցահանդեսի համար հետագա տպագրությամբ:
Ծրագիրն ավարտվում է նոյեմբերի վերջին։