Դեռ 2019 թվականից Ախալքալաքում նախատեսվում էր շտապ օգնության նոր շենք կառուցել։ Սկզբնական շրջանում տարածքն էր խնդիր, այնուհետև հատկացվեց անհրաժեշտ հողատարածքը և կատարվեց տարածքի երկրաբանական և տեղագրական հետազոտություն, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նոր շենքի կառուցումը անորոշ ժամանակով հետաձգվել էր: Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է, որ գարնանը կմեկնարկեն շտապ օգնության նոր շենքի կառուցման աշխատանքները:

Ախալքալաքի շտապ օգնության ծառայության տնօրեն Երեմ Եզոյանը ասում է, որ հարցը բազմիցս է քննարկել ինքնակառավարման մարմինների՝ թե՛ նախկին, թե ներկայիս ներկայացուցիչների հետ։ Վերջերս էլ հանդիպել է քաղաքապետի հետ:

«Հարցը օրակարգում է: Մի շաբաթ առաջ հանդիպում ունեցա նորընտիր քաղաքապետի և պատգամավորի հետ: Նրանք խոստացան, որ ավելի ակտիվ կաշխատեն և անպայման մենք նոր շենք կունենանք, սպասում ենք։ Մնացել է միայն ֆինանսական հարցերը լուծել»:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը JNEWS-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ քննարկումններ եղել են, և վստահեցրեց, որ հարցը դրական լուծում կստանա։

«Գործը ընթաքցի մեջ է, համապատասխան քննարկումներ են ընթանում։ Ես դեռ սակրեբուլոյի անդամ էի, դեռ այդ ժամանակ մենք այդ տարածքի համար տվել էինք մեր համաձայնությունը, որ այն տրամադրենք շտապ օգնության ծառայությանը, որ իրենց չափանիշներին համապատասխան շենք կառուցեն։ Արդեն իսկ քաղաքապետի պաշտոնը ստանձնելով հանդիպում եմ ունեցել: Հարցը քննարկվել է և ընթացքի մեջ է։ Ելնելով եղանակային պայմաններից, քանի որ հիմա այստեղ շինարարություն սկսելն անիմաստ է, երբ հնարավոր լինի աշխատանքներ սկսել, այդ ժամանակ էլ կսկսենք: Այս հարցը առաջիններից մեկը դրական լուծում կստանա: Համապատսախան փաստաթղթային ձևակերպումներն արդեն կան»:

Քաղաքապետը նշում է, որ շենքի կառուցման ֆինանսավորումը կլինի կենտրոնական բյուջեից։ Ըստ նրա շտապ օգնության նոր շենքի կառուցումը կսկսվի 2022 թվականի գարնանը:

Հարկ է նշել, որ Ախալքալաքում շտապ օգնության ներկայիս շենքը կտրամադրվի Հեմոդիալիզի կենտրոնի բացմանը:

Ախալքալաքում շտապ օգնության շենքը դեռ չի կառուցվի

Ախալքալաքի շտապ օգնության շենքի կառուցման նախագիծը պատրաստ է

Հեմոդիալիզի կենտրոնը կլինի շտապօգնության ներկայիս շենքում

Գայանե Ակոջյան