նորություններ 12 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքում ՕԳԾ-ի տենդերների 90%-ն արդեն հայտարարվել է

Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում նախատեսված նախագծերի իրականացումը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ տենդերների շուրջ 90%-ն արդեն հայտարարվել է, իսկ որոշ գյուղերում աշխատանքներն արդեն ընթանում են։ Մնացած տենդերները նախատեսվում է հայտարարել այս շաբաթ։ Այս տարի քաղաքապետարանը նաև տեղական բյուջեից ավելի քան 1,8 մլն լարի լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել այս ծրագրի շրջանակում ընտրված առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի ավարտի համար։

Ինչպես հայտնել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսեսյանը, այսօրվա դրությամբ աշխատանքների իրականացման համար նախատեսված տենդերների 90%-ն արդեն հայտարարվել է։

«Մնացել է 10%-ը, որը կհայտարարենք այս շաբաթ։ Մի քանի տենդեր վերջերս ենք հայտարարել, դրանք դեռ հայտերի ընդունման փուլում են։ Այնտեղ, որտեղ պայմանագիրն արդեն կնքվել է, հիմնականում աշխատանքներն ընթանում են», — ասել է Արա Մովսեսյանը։

Վերջինիս խոսքով՝ այս տարի քաղաքապետարանն աշխատանքների իրականացման համար ուղղակի պայմանագրեր չի կնքել, իսկ հայտարարված բոլոր տենդերներն առաջին իսկ փորձից կայացել են։ Հաղթողների մեծ մասը տեղական ընկերություններ են։

Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է՝ գյուղերին լրացուցիչ միջոցներ է հատկացնում տեղական բյուջեից՝ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում հենց գյուղերի բնակիչների կողմից ընտրված առաջնահերթ աշխատանքներն ավարտելու համար։

Այս տարին նույնպես բացառություն չէ։ Ընդհանուր առմամբ, երեք փուլով մունիցիպալիտետի գյուղերին հատկացվել է 1 807 638,1 լարիի լրացուցիչ ֆինանսավորում։

Առաջին փուլում պատգամավորները հաստատել են լրացուցիչ ֆինանսավորում 27 գյուղի համար՝ ընդհանուր 830 478 լարիի չափով։ Այնուհետև նմանատիպ աջակցություն հաստատվել է ևս 19 գյուղի համար՝ 478 590 լարիի չափով։

Օգոստոսի 27-ին հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորման վերջին փաթեթը՝ 17 գյուղի համար, ընդհանուր 498 570,7 լարիի չափով։

Գյուղերի մեծ մասի համար լրացուցիչ գումարը կազմել է սկզբնական հատկացված միջոցների մինչև 200%-ը։ Բացառություն է Սուլդա գյուղը, որին հատկացվել է սկզբնական գումարի ավելի քան 200%-ը։

Սուլդայում հիմնական 16 000 լարի գումարին լրացուցիչ հատկացվել է 54 916,09 լարի։

Արա Մովսեսյանը պարզաբանել է, որ Սուլդան լրացուցիչ միջոցները նախատեսում է օգտագործել գյուղում ներքին ջրամատակարարման ցանց անցկացնելու համար։

«Մենք իրավունք ունենք ավելի մեծ գումար հատկացնել, եթե տենդեր ենք հայտարարում, այլ ոչ թե ուղղակի պայմանագիր կնքում։ Այս փուլում այլ գյուղեր, որոնք ավելի մեծ գումար են ստացել, չկան», — ասել է նա։

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում Ախալքալաքի մունիցիպալիտետին արդեն մի քանի տարի անընդմեջ հատկացվում է 922 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ ստանում է որոշակի գումար, և բնակիչներն իրենց ժողովներում ինքնուրույն որոշում են, թե ինչի վրա այն ծախսել։ Նվազագույն գումարը կազմում է 10 000 լարի, առավելագույնը՝ 20 000 լարի։ Ֆինանսավորման չափը որոշվում է բնակչության թվաքանակով։

Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրն իրականացվում է 2011 թվականից։ Բացառություն են եղել 2017–2018 թվականները, երբ այն ժամանակավորապես դադարեցվել էր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝