Այս տարի Ախալքալաքի շտապ օգնության նոր շենքը չի կառուցվի։ Շենքի տարածքի երկրաբանական և տեղագրական հետազոտություն իրականացնելու տենդեր-մրցույթը դեռ չի ավարտվել։

2019 թվականին Վրաստանում մեկնարկել էր մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգման, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման ծրագիր: Նախագծի իրականացման համար Վրաստանի կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել, ընդգրկված են բոլոր մունիցիպալիտետները:

Ախալքալաքի շրջանի շտապ օգնության կենտրոնի տնօրեն Երեմ Եզոյանը ասում է, որ ունեն երկու խնդիր.

“Առաջինը շենքի խնդիրն էր, որը արդեն լուծվել է։ Ներկայիս շենքը արդեն հին է, վթարային վիճակում է, մի քիչ ձգձգվեց նոր տարածքի հատկացումը, բայց արդեն այդ հարցը լուծվել է, տարածքը հատկացրել են, սակայն այս տարի ամեն դեպքում չենք հասցնի սկսել շինարարական աշխատանքները։ Մնացած շրջանների շտապ օգնության շենքերը արդեն պատրաստ են, մենք մի քիչ հետ ընկանք”, – ասում է Եզոյանը։

Երկրորդ խնդիրը դեռ լուծում չի ստանում։ Շտապ օգնության աշխատակիցների կարիք կա։

“Մենք պետք է ունենանք 8 բժիշկ՝ երկու խմբի համար, սակայն այսօր մեր մոտ աշխատում են 5 բժիշկ։ Պատկերացրեք այդ երեք բժշկի ծանրաբեռնվածությունը։ Ախալքալաքի պայմաններում քիչ է բժիշկների քանակը”, – ասաց Եզոյանը։

Ըստ Եզոյանի, շտապ օգնության կենտրոնը պատրաստ է երրորդ խումբ բացելու, պատրաստ են ֆինանսավորել և մեքենա տրամադրել, սակայն խմբի համար բժիշկներ չկան։

Աշխատանքի ընդունման հայտարարություններ կատարված են, սակայն դիմողներ չկան։

Եզոյանը գոհունակությամբ է հայտնում, որ շտապ օգնության կենտրոնը ամեն ինչով ժամանակին ապահովվում է։

“Վառելիքի ապահովումը, դեղորայքի ապահովումը, հիմնարկի կահավորումը, երբ զանգում ասում ենք, որ կարիք կա, միանգամից ուղարկում են, մեքենաների վերանորոգման աշխատանքները նույնպես շատ շուտ իրականացնում են, այդ կողմով ապահով ենք”, – հավելեց Երեմ Եզոյանը։

Հիշեցնենք, որ Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնը կկառուցվի հիվանդանոցի տարածքում, ներկայիս շենքի դիմաց։ Անհրաժեշտ հողատարածքն արդեն հատկացված է:

Նշենք, որ Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնի կառուցումը կառավարության 2019-2020 թթ. ծրագրում է:

Գայանե Ակոջյան