նորություններ 12 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքի գյուղերում հացահատիկի բերքահավաքը կոմբայնների պակասի պատճառով խափանումներով է ընթանում

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը, սակայն որոշ հեռավոր գյուղերում բնակիչները դեռ չեն սկսել աշխատանքները՝ կոմբայնների պակասի պատճառով։ Էխտիլայում և Մերենիայում բնակիչներն արդեն մի քանի օր է՝ փորձում են տեխնիկա գտնել, մինչդեռ հասած ցորենը սկսում է թափվել։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ հետագա ուշացումը կհանգեցնի բերքի զգալի կորուստների։

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը։ Քաղաքին մոտ գտնվող գյուղերում բերքահավաքն արդեն ավարտին է մոտենում, մինչդեռ հեռավոր գյուղերում այն դեռ չի սկսվել։ Գյուղացիները ուշացման հիմնական պատճառը կոմբայնների բացակայությունն են համարում։

Էխտիլա և Մերենիա գյուղերում բնակիչներն առայժմ չեն կարողանում սկսել հացահատիկի բերքահավաքը, քանի որ չեն կարողանում կոմբայններ գտնել։ Ցորենն արդեն հասունացել է և սկսում է թափվել։ Սեպտեմբերի 9-ին երկու գյուղերի բնակիչներն էլ սպասում էին կոմբայնների, որոնց սեփականատերերը խոստացել էին առավոտյան գալ, սակայն տեխնիկան այդպես էլ չժամանեց։

Էխտիլա գյուղի ճանապարհին մոտ տասը մարդ սպասում էր կոմբայնի։ Բնակիչները հույս ունեին «որսալ» տեխնիկան, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն բերքահավաքը, սակայն ապարդյուն՝ կոմբայնն այդպես էլ չեկավ։

Սպասողների թվում էր Իխտիլայի բնակչուհի Սոնիկ Մկրտչյանը։ Նա ընտանիքի հետ առավոտից սպասում էր կոմբայնին, սակայն մինչև կեսօր տեխնիկան այդպես էլ չհայտնվեց։

Գյուղացիները անհանգստացած են և մտահոգված, որ հացահատիկն արդեն հասել է և սկսում է թափվել։ Նրանց խոսքով՝ ամեն տարի հացահատիկի բերքահավաքի ժամանակ բախվում են կոմբայնների պակասի խնդրին։ Այս տարի գյուղում առայժմ ոչ ոք չի սկսել բերքահավաքը։

«Նախորդ տարիներին այս ժամանակ արդեն բերքը հավաքում էինք։ Այս տարի կոմբայնի պատճառով դեռ չենք սկսել։ Երկու տարի առաջ քաղաքապետի ներկայացուցիչը կոմբայնով երեք վրացի էր բերել, որոնք մեկ օրում բոլորի բերքը հավաքեցին ու գնացին։ Այս տարի բերքահավաքն ուշանում է՝ մեկ՝ անձրևների պատճառով, մեկ՝ տեխնիկա չկա։ Հացահատիկի բերքն այս տարի առանց այդ էլ այնքան էլ լավ չէ, իսկ հիմա չենք կարողանում հավաքել՝ հացահատիկն արդեն թափվում է», — ասում է Սոնիկ Մկրտչյանը։

Այս տարի վերջինիս ընտանիքը ցորեն է ցանել 50 հար տարածքում։

Սամվել Մկրտչյանը նույնպես ճանապարհին կոմբայնի սպասողներից էր։ Նա ցորեն է ցանել 15 հար տարածքում։

«Կոմբայնի ենք սպասում, բայց արդեն գրեթե ոչինչ չի մնացել։ Առանց այդ էլ բերքն այնքան էլ լավ չէր, իսկ հիմա ամբողջը թափվում է։ Այսօր կոմբայնը պետք է գար, դրա համար էլ սպասում ենք։ Եթե ևս մեկ շաբաթ ուշացնենք բերքահավաքը, արդեն ոչինչ չի մնա, նույնիսկ հավաքելն իմաստ չի ունենա։ Ամեն տարի այդպես է», — դժգոհում է Սամվել Մկրտչյանը։

Գյուղացիները սպասում էին և հույս ունեին, որ կոմբայնն, այնուամենայնիվ, կգա։ Միևնույն ժամանակ, ոմանք ասում էին, որ քանի դեռ «ստորին գյուղերում»՝ ինչպես բնակիչներն են անվանում քաղաքին մոտ գտնվող գյուղերը, բերքահավաքը չեն ավարտել, տեխնիկան իրենց մոտ չի բարձրանա։

Մինաս Լագզյանն ասում է, որ հացահատիկի գնորդներ նույնպես առայժմ չկան։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա բերքը դեռ պահվում է պահեստում։

Հարցին, թե ինչու են այս տարի կրկին հացահատիկ ցանել, նա պատասխանել է.

«Էլ ի՞նչ անենք գյուղում, ինչո՞վ զբաղվենք», — ասել է Մինաս Լագզյանը։

Վառելիքը թանկացել է, և գյուղացիները դեռ չգիտեն, թե այս տարի ինչ գնով են կոմբայնները հավաքելու բերքը։ Սակայն նրանք պատրաստ են վճարել, միայն թե հասցնեն հավաքել հացահատիկը և այն չթողնեն դաշտերում։ Շուտով կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը, իսկ նրանք դեռ չեն հասցրել ավարտել հացահատիկի բերքահավաքը։

Անցյալ տարի կոմբայնը մեկ հար տարածքի բերքը հավաքում էր 3,5 լարիով։

Մերենիա գյուղի բնակիչները նույնպես գյուղի կենտրոնում սպասում էին կոմբայնի։ Գյուղացիների խոսքով՝ նրանք ենթադրում են, որ քանի դեռ Իխտիլայում բերքահավաքը չի ավարտվել, կոմբայնը Մերենիա չի հասնի։

Նորիկ Հարությունյանն ասում է, որ ամբողջ գյուղով կոմբայնի են սպասում։ Նրա խոսքով՝ գյուղում անհրաժեշտ է հավաքել 25–30 հեկտար հացահատիկ։

«Ես ցանել եմ 40 հար ցորեն։ Բերքի 50 տոկոսն արդեն կորել է։ Այս տարի բերքատվությունը առավելագույնը 25 ցենտներ է, անցյալ տարի՝ 40–45 ցենտներ», — ասում է Նորիկ Հարությունյանը։

Մերենիա գյուղի բնակիչ Վարշամ Ղազարյանն ասում է, որ պայմանավորվել էր կոմբայնի սեփականատերերից մեկի հետ, սակայն վերջինս իրեն խաբել է։

«Երեկ Խաշուրիից մի կոմբայնավարի հետ պայմանավորվեցի, որ ժամը 10-ին հանդիպենք Ախալքալաքում։ Ես ժամը 8-ին դուրս եկա, մինչև 11-ը սպասեցի, բայց նա չեկավ։ Զանգում եմ՝ չի պատասխանում», — ասում է Վարշամ Ղազարյանը։

Այկազ Ամիրխանյանն ասում է, որ բնակիչները անելանելի վիճակում են. չեն կարողանում կոմբայն գտնել, իսկ հացահատիկը շարունակում է թափվել։ Այս տարի նա ցանել է 60 հար ցորեն։

«Ընտրությունների ժամանակ բոլորը գալիս են, խոստումներ են տալիս։ Բայց պարզվում է, որ չեն կարողանում օգնել», — ասում է Հայկազ Ամիրխանյանը։

Մերենիա գյուղում ոմանք կրճատել են հացահատիկի ցանքատարածքները, իսկ ոմանք, ընդհակառակը, ավելացրել։ Սակայն, ըստ բնակիչների, ցանքատարածքների ընդհանուր մակերեսը մոտավորապես նույնն է մնացել։

Գյուղացիները նշում են, որ Մերենիայում բնակիչներն ունեն քիչ գյուղատնտեսական հողատարածքներ, ինչպես նաև վարձակալության համար հասանելի հողերի քանակը քիչ է։

«Ես տարածքն ավելացրել եմ պարզապես այն պատճառով, որ հողը հանգստանա, միայն այդ պատճառով», — նշում է Խաչատուր Բաղդասարյանը։

Էխտիլայի և Մերենիա գյուղերի բնակիչները շարունակում են սպասել կոմբայնների՝ մտավախություն ունենալով բերքի հետագա կորուստներից։ Գյուղացիների համար բերքահավաքը ժամանակին ավարտելը հատկապես կարևոր է, քանի որ հացահատիկի աշխատանքներն ավարտելուց հետո նրանք պետք է սկսեն կարտոֆիլի բերքահավաքը։ Առայժմ բերքի մի մասը մնում է դաշտերում, իսկ բերքահավաքի տեխնիկայի պակասի խնդիրը շարունակում է չլուծված մնալ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝