Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնի կառուցումը կառավարության 2019-2020 թթ. ծրագրերում է: Սկզբնական շրջանում շենքի կառուցման համար տարածք չէր գտնվում, հիմա այդ խնդիրը լուծված է։ Շտապ օգնության նոր կենտրոնը կկառուցվի հիվանդանոցի դիմաց, անհրաժեշտ հողատարածքն արդեն հատկացված է։
Ախալքալաքի շտապ օգնության կենտրոնի տնօրեն Երեմ Եզոյանն ասում է, որ ներկայիս խնդիրը հենց նոր շենք ունենալն է։
«Մեր հիմնական խնդիրը հիմա նոր շենք ունենալն է, ներկայիս շենքը պիտանի չի օգտագործման։ Գնացի և խոսեցի քաղաքապետի հետ, նա էլ ասաց, որ կզբաղվեն այդ հարցով»,- ասում է Երեմ Եզոյանը։
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նշում է.
«Իրավիճակը 15-20 օր առաջ այսպիսինն էր, ունենք նախագիծ, հողի հարցն արդեն լուծել ենք, նախագիծը ներկայացրել ենք, որպեսզի հովանավորեն, ֆինանսավորումը երբ եղավ, տենդեր կհայտարարենք և կսկսենք շինարարությունը։ Ամբողջ պետության մեջ մնացել ենք մենակ մենք»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը։
Ինչպես ասաց Յուրիկ Ունանյանը տարածքի երկրաբանական և տեղագրական հետազոտություն արդեն իրականացվել է։
Հարկ է նշել, որ շտապ օգնության նոր կենտրոնի շինարարությունը կֆինանսավորվի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից։
2019 թվակաին Վրաստանում մեկնարկել է մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգման, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման ծրագիրը: Նախագծի իրականացման համար կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել, որն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները:
Մանրամասն տեղեկությունների համար դիմեցինք Վրաստանի տարածաշրջանային զարգացման ֆոնդին և սպասում ենք նրանց պատասխանին։