Ախալքալաքում նոյեմբերին մահացության դեպքերը անհամեմատ շատ են: Չնայած, որ մահացածներից շատերի մոտ covid-19 չի հաստատվել, քանի որ ժամանակին հետազոտություն չեն անցել, սակայն մասնագետներն ասում են, որ մեծամասնության մոտ կորոնավարակային թոքաբորբն է եղել պատճառը: Մասնագետները պնդում են՝ մինչև ձեռք չբերենք հանրային իմունիտետ, այլ արդյունք չենք ունենա:
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը մտահոգված է շրջանի այսօրվա կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակով։
«Շատ վատ ու ծանր իրավիճակ է, պիկին մենք դեռ չենք հասել, քանի որ չի էլ երևում, Ջավախքում պիկի հասնելու համար դեռ շատ երկար ու ծանր ճանապարհ պետք է անցնենք, քանի որ պատվաստման ցուցանիշները շատ-շատ ցածր են։ Ես նույնիսկ ամաչում եմ մեկ-մեկ, որ մեզ համեմատում են այլ շրջանների հետ, որտեղ բավականին բարձր է ցուցանիշը: Ապատեղեկատվություններին և սուտ նորություններին ավելի շատ ենք հավատում, քան այն մարդկանց, ովքեր կոմպետենտ են, որոնց կարծիքով առաջնորդվում է պետությունը», – ասում է Ալեքսան Թորոյանը։
Պատվաստման ցուցանիշը շրջանում զգալի չի աճում, փոխարենը մահացության դեպքերն են արագ ավելանում: Մարդիկ չեն խոստովանում, որ իրենց հարազատը կորոնավարակի ախտանիշեր է ունեցել։
«Մենք շատ անգամ գյուղերում մահացածների մասին շատ ուշ ենք տեղեկանում։ Կենտրոնացված վիճակագրություն չկա, գյուղերում մահանում են, տարբեր պատրվակով տեղեկանքները դուրս են գրվում, թոքաբորբ, սրտի անբավարարություն և այլն, բայց մահացության 90-95 տոկոսի պատճառը կորոնավիրուսային թոքաբորբն է։ Տարիքով մարդկանց մասին է խոսքս, 65-ից բարձր, ովքեր մեր հանրության ամենախոցելի խավն են», – հավելում է բժիշկը։
Ալեքսան Թորոյանը համարում է, որ այսպիսի վիճակը կարող է երկար շարունկավել, եթե պատվաստման գործընթացում կտրուկ աճ չգրանցվի:
«Մեր հանրությունը պետք է իրազեկ լինի այսօրվա ստեղծված իրավիճակի մասին, որովհետև այս հարցի հանգուցալուծման հիմնական որոշողը հանրությունն է: Մինչև մենք հանրային իմունիտետ ձեռք չբերենք, այսինքն՝ մինչև 60-70 տոկոս հանրության անդամները չպատվաստվեն, մենք այլ արդյունքներ չենք ունենա։ Սա միակ ելքն է, միակ զենքն է ու միակ հնարավորությունը»։
Բժիշկն ասում է, որ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի քաղաքացիների առողջությունը և կյանքը վտանգված չլինի և կառավարությունը կարողանա իր բուն գործառույթներով զբաղվի։ Սա է պետության և իրենց՝ բուժաշխատողների շահագրգռվածությունը, որի համար էլ նրանք ակտիվ քարոզում են պատվաստումը։
«Մենք միշտ պահանջատեր ենք եղել, երբեք մեր առաջ խնդիր չենք դրել, իսկ մեր պարտականությունները ո՞վ է կատարելու, ո՞վ է լսելու մասնագետի կարծիքը»։
Թորոյանը մեկ անգամ ևս խնդրում է, կոչ է անում և պահանջում է, որ մարդիկ պատվաստվեն, որովհետև բժշկական ոլորտի աշխատողների ուժերն անսպառ չեն։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի հոսպիտալում հասանելի է երեք պատվաստանյութ՝ Sinovac, Sinopharm և Phfizer։