Մինչեւ մարտի 18-ը Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ընդամենը 2 719 մարդ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնը:
Պատվաստման նպատակով գրանցվել է 5350 մարդ:
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հույս է հայտնել, որ երկրի բժշկական անձնակազմն առավել ակտիվորեն կներգրավվի պատվաստման գործընթացին:
«Վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են կատարվել AstraZeneca պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, դրանց պատվաստանյութի հետ կապը դեռևս չի հաստատվել ոչ Եվրոպական դեղամիջոցները կարգավորող մարմնի, ոչ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից», – հայտարարել է Գաբունիան:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Առաջին փուլը բժիշկներին պատվաստելն է, որոնք ընդգրկված են ամենաբարձր ռիսկային խմբում:
Նրանք պատվաստվում են Հարավային Կորեայի արտադրության «AstraZeneca-SKBio» պատվաստանյութով, որը մշակվել է բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության կողմից: Ընդհանուր առմամբ, այս դեղամիջոցից երկիր է մատակարարվել 43,2 հազար դեղաչափ:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության պահպանման ազգային կենտրոնը բժիշկների ցածր ակտիվությունը բացատրում է թերահավատ մոտեցմամբ և հակապատվաստման քարոզարշավով: Միևնույն ժամանակ, իշխանությունների ընդդիմախոսները և ոլորտի որոշ փորձագետներ Վրաստանի առողջապահության նախարարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ: Նրանք նշում են, որ պետությունը դեռ պաշտոնապես քարոզարշավ չի սկսել՝ կոնկրեդ դեղորայքի կամ պատվաստանյութերի մասին քաղաքացիներին իրազեկելու նպատակով:
Ազգային ծրագրի համաձայն, 2021 թվականին Վրաստանը նախատեսում է պատվաստել երկրի չափահաս բնակչության մինչ 65%-ին, կամ 1,6 միլիոն մարդու: Ինչպես նշում են ոլորտի փորձագետները, հակառակ դեպքում երկրի պայքարը COVID-19-ի դեմ բավարար արդյունավետ չի լինի:
Աղբյուրը՝ Новости Грузия