Ախալքալաքի 3 մանկապարտեզներում աշխատանքից հեռացվել են 13 թոշակառու աշխատակից:
Հունիսի 29-ին Ախալքալաքի թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզներում նույնպես կատարվել է կադրային փոփոխությունների պաշտոնական արարողություն: Ինչպես հունիսի 27-ին №1 մանկապարտեզում:
Թիվ 2 մանկապարտեզում 5 թոշակառու են հեռացրել, իսկ նախկին տնօրեն Մարինա Ասլանյանը վերանշանակվել է մենեջեր:
Պատկերը լրիվ այլ է 3-րդ մանկապարտեզում, որտեղ նախկին տնօրեն Լամարա Աբոյանը թոշակառուներին հեռացնելու փաստից վիրավորվել և կադրերի փոփոխության պաշտոնական արարողությանը ներկա չի գտնվել: Նա դիմել է իրավաբաններին ստեղծված իրավիճակը համարելով խտրական, հիմնական նպատակը բարոյահոգեբանական վիրավորանքի փոխհատուցումն է, ոչ թե կրկին աշխատանքի վերադառնալը:
Թիվ 3 մանկապարտեզից հեռացրել են 4 թոշակառու՝ 2 դաստիարակ, խոհարարը և տնօրենը: Նորընտիր մենեջեր նշանակվել է Կարինե Սարյանը, իսկ մանկավարժներին փոխարինում են Հովհաննիսյան Աննան և Արփինե Մոքոյանը:
Նախկին տնօրենը մանկապարտեզի հիմնման օրվանից՝ 1984 թվականից առ այսօր աշխատել է թիվ 3 մանկապարտեզում և շուտով կլրանար նրա աշխատանքային 33 տարին այդ բնագավառում: Նա սրտնեղելով պատմում է, որ հեռացված մանկավարժները՝ երկուսն էլ նույն խմբի դաստիարակներն էին և ամենալավ մանկավարժներից են, ցանկացած պատասխանատու միջոցառման ժամանակ ամենամեծ սպասելիքներն ու ակնկալիքները նրանցից է եղել:
«Այս որոշումը ոչ թե կադրային փոփոխություն էր, այլ խաղ էր՝ ավելի կոնկրետ ղեկավարների խաղը: Բայց հաշվի չեն առել, որ ամեն ինչին ձև կա, գոնե մեկ ամիս առաջ պետք է զգուշացնեն և հետո նորանշանակ տնօրենին կամ մանկավարժներին նախապատրաստեն, ոչ թե միանգամից ասեն ու հանեն: Եթե հեռացնում են թոշակառուներին, ապա դա պետք է անեն համամասնականՙ Ախալքալաքի գրեթե բոլոր աշխատավայրերում՝ հատկապես մունիցիպալիտետում բավականին մեծ քանակով թոշակառուներ են աշխատում, ինչո՞ւ հենց մեզ վրա ազդեց այդ օրենքը», – մեզ հետ զրույցում ասաց թիվ 3-րդ մանկապարտեզի նախկին տնօրեն Լամարա Աբոյանը:
Ախալքալաքի Շրջանային վարչությունը իրականացրեց մանկապարտեզների վերակազմավորում, համապատասխան որի բոլոր մանկապարտեզները միավորվում են մեկ միավորման մեջ՝ մեկ տնօրենով և մեկ հաշվապահով: Ինչպես նաև վերակազմավորման ընթացքում աշխատանքից են հեռացվել մանկապարտեզների թաշակառու աշխատակիցները:
Ջուլիետա Տոնականյան