Ինչպես հայտնի է, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է «Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական և դպրոցական հաստատություններում պետական չափորոշիչների ներդրում» ծրագիրը, որի նպատակն է նախադպրոցական հաստատություններում և ազգային փոքրամասնությունների դպրոցներում պետական չափորոշիչների ներդրումը՝ օգտագործելով երկլեզու կրթության մոտեցումը։ Ախալքալաքում առաջին դպրոցը, որտեղ սկսեց գործել ծրագիրը քաղաքի թիվ 5 դպրոցն էր։
Jnews-ը խոսել է Ախալքալաքի թիվ 5 հանրակրթական (նախկին գիշերօթիկ) դպրոցի տնօրեն Նազենի Մոսոյանի հետ, պարզելու, թե ինչպիսի ընթացք է ունեցել երկլեզու կրթությունն իրենց դպրոցում։
«Մեր դպրոցում արդեն երրորդ տարին է ինչ գործում է երկլեզու կրթության ձեւաչափը, թե այն ինչքան կշարունակվի տեղեկություն չունեմ։ Բայց հաշվի առնելով այն, որ այլ դպրոցներ եւս ընդգրկվել են այդ պրոցեսում, ապա կարծում եմ, որ այն կունենա շարունակական բնույթ։ Մեր դպրոցում երկլեզու ֆորմատով դասավանդվել են հետևյալ առարկաները՝ բնություն, արվեստ, ես և հասարակությունը։ Դասի ժամանակ եղել է երկու ուսուցիչ, օգնական ուսուցիչը վրացերենով հեշտ ու պարզ ձևով բացատրել է դասը, որպեսզի աշակերտներին հասկանալի լինի, քանի որ այդ պրոցեսում ընդգրկված են եղել տարրական դասարանների երեխաները։
Մոսոյանի խոսքով, աշակերտների շրջանում որոշ չափով բարելավվել է վրացերենի իմացությունը, փայլուն արդյունք չէ, բայց դրական դինամիկա նկատվում է: Երկլեզու կրթության մասին խոսելիս դպրոցի տնօրենը նշում է, որ ցանկացած նորամուծություն դժվար է ընդունվում, ժամանակ է անհրաժեշտ, որ ծրագիրը հղկվի:
«Այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, քանի որ խնդիրներ կան և ծրագրի և թե դասագրքերի հետ կապված, նախնական շրջանում ծնողների կողմից ճիշտ չընդունվեց այդ ֆորմատը, բայց հիմա այդպիսի խնդիրներ չկան, թե ինչ փոփոխություններ են սպասվում սեպտեմբերից դեռևս չգիտեմ»:
Նշենք նաև, որ ծրագիրը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում, որի նպատակն է այս կերպ զինել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ նախադպրոցական հաստատությունների երեխաներին և դպրոցի աշակերտներին ժամանակակից հասարակական կյանքում լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Նշված ենթածրագրում ընդգրկված ուսուցիչների ընտրության չափանիշը վրացերենի իմացությունն է։ Ծրագիրը ամբողջությամբ իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցներում և նախակրթարաններում։ Ներկայումս այն իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցներում տարրական և բազային դասարաններում (Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում):