Հունիսի 28-ին Ախալքալաքի սպորտ դպրոցում անցկացվեց սեղանի թենիսի շրջանային առաջնության եզրափակիչ խաղը, որին մասնակցեցին 40 երիտասարդ։
Նախապես գյուղապետները իրենց գյուղերից ընտրել էին խաղացողներին, ովքեր մասնակցեցին եզրափակչում։ Մրցույթի եզրափակիչ խաղին մասնակցում էր մոտավորապես 40 երիտասարդ, ովքեր օլիմպիական համակարգով մրցում էին մեկը մյուսի հետ։ Հիմնականում մասնակցում էին Ախալքալաքից և այն գյուղերից, որոնք սեղան ունեն և որտեղ հնարավոր է մարզվել: Այնուամենայնիվ մասնակիցների համեմատաբար քիչ քանակը պայմանավորված էր նաև նրանով, որ հիմա գյուղերում մարդիկ զբաղված են գյուղական աշխատանքներով:
Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովի խոսքով, մրցույթի կազմակերպչական աշխատանքների և սննդի համար ծախսվել է մոտավորապես 1200 լարի:
«Այսօրվա առաջնությունը մունիցիպալիտետի հերթական առաջնությունն է, որին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման», – ասաց Վալերի Ստելմաշովը:
Առաջնությունը ավարտվեց ժամը 14:00-ի սահմաններում, և արդյունքում 1-ին տեղ գրավեց Արագվայի մասնակիցը՝ Արթուր Ունանյանը, 2-րդ տեղ ստացավ Կիմիկ Կուգոյանը Ախալքալաքից և 3-րդ տեղ՝ Կառլոս Ռաիսյանը Ախալքալաքից:
Մրցանակային տեղեր գրավողներին շքանշանի և պատվոգրի հետ միասին փոխանցեցին նաև նվերներ. առաջին տեղը գրավողը ստացավ հարիչ (միկսեր), երկրորդ տեղը գրավողը՝ էլեկտրական թեյնիկ, իսկ երրորդ տեղը՝ հուշանվեր թուր:
Չնայած խաղը մրցութային էր, սակայն ինչպես միշտ «մասնակցությունը արդեն հաղթանակ է» կարգախոսով հրաժեշտ տվեցին միմյանց:
Ջուլիետա Տոնականյան