Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերադարձել է Թբիլիսի։ «Խաչակիրները»՝ Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթով աշխարհի ուշադրությունը գրաված թիմը, հուլիսի 2-ին՝ առավոտյան ժամը 9:15-ին, Գերմանիայից վայրեջք է կատարել Վրաստան: Այսօր այս առիթով տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ։

Կառավարությունից հայտնում են, որ միջոցառումները կսկսվեն ժամը 22:00-ին։

«Հուլիսի 2-ին, ժամը 22:00-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում։ Եկեք միասին հանդիպենք և շնորհակալություն ասենք մեր ֆուտբոլային թիմին։ Եկեք միասին երգենք Վրաստանի օրհներգը և միասին տոնենք վրացական ֆուտբոլային հրաշքը։ Ժամը 21:30-ին ֆուտբոլի ազգային հավաքականը բաց ավտոբուսով կսկսի երթը Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտից դեպի Ազատության հրապարակ։ Ժամը 22:00-ին Ազատության հրապարակում՝ շնորհակալություն Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Օդանավակայանում ազգային թիմին բազմաթիվ երկրպագուներ դիմավորեցին նույն վանկարկումներով, որոնցով խրախուսում էին նրանց ԵՎՐՈ-2024-ի առաջին օրվանից։

Վրաստանի յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում էին տասնյակ հազարավոր երկրպագուներ, ինչը լրացուցիչ հմայք էր հաղորդում թիմի ելույթին Եվրոպայի առաջնությունում։

1/8 եզրափակիչ դուրս գալը շատերի համար անսպասելի արդյունք էր, սակայն արդյունքի գլխավոր գործոնը Վրաստանի հավաքականի խաղաոճն ու բնավորությունն էր։ Այս որակների շնորհիվ է, որ թիմը դարձավ Եվրո 2024-ի հայտնագործությունը. նրանք դարձան առաջնության կարկառուն թիմերից մեկը՝ արագ և արդյունավետ հակագրոհների, ինչպես նաև մինչև վերջ անձնուրաց պայքարի շնորհիվ, ինչով նրանք գրավեցին երկրպագուների սրտերն ամբողջ աշխարհով մեկ: