Ջավախքցի երկու մարզիկ` Նաիր Մելիքյանն ու Արարատ Հովսեփյանը Հայաստանի Շին-կիոկուշին կարատեի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեցին միջազգային մրցույթում:
Մերձավոր Արևելքի Շին-կիոկուշին կարատեի առաջնության միջազգային ընտրության տուրնիրին Հայաստանը մասնակցեց 4 մարզիկով, որոնցից երկուսը՝ Նաիր Մելիքյանն ու Արարատ Հովսեփյանը դարձան չեմպիոն: Մրցաշարին մասնակցում էր 11 երկիր, որտեղ Հայաստանի հավաքականը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը, թե թիմային, թե անհատական մրցույթներում: Շին-կիոկուշին կարատեի միջազգային տուրնիրն անցկացվեց Իրանի իսլամական հանրապետությունում:
Թե Նաիր Մելիքյանը, և թե Արարատ Հովսեփյանը ջավախքցի են: Նրանց մարզիչն է Հայաստանի Շին-կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Մուրադ Քսպոյանը:
«Հաղթեցի Աստծո կամքով: Երազում եմ դառնամ աշխարհի չեմպիոն: Հաղթանակս նվիրում եմ ջավախքցիներին և հայ ժողովրդին: Շատ ուրախացա, որ հնչեցրեցի Հայաստանի հիմնը և ծածանեցի հայոց եռագույնը»,- ասաց ոսկե մեդալակիր Նաիր Մելիքյանը:
Վերջինս ուսանում է Հայաստանի հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:
Աղունիկ Այվազյան