Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնն այսօր՝ նոյեմբերի 8-ին, պաշտոնական այցով ժամանել է Սամցխե-Ջավախք։ Նա այցելել է Նինոծմինդա, ապա հանդիպել Ախալքալաքի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման գրասենյակում:
Վրաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցի նպատակն Ախալքալաքում ինտեգրացիոն գործընթացին ծանոթանալն էր։ Այցի շրջանակներում Մարկ Քլեյթոնն այցելել է Ախալքալաքի այցելուների կենտրոն, նաև հանդիպել տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա էին «Բաց սահմաններ» ՀԿ համահիմնադիր Ռիմա Ղարիբյանը, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման Ախալքալաքի համակարգող Վաղարշակ Շահբեկյանը, ATV12 հեռուստաընկերության տնօրեն Վալիկ Քթոյանը, Մեծահասակների համար կրթության կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն, «Տեղական զարգացման խմբի»՝ LAG-ի անդամ Սերգեյ Շահբեկյանը, «Խոդո» ՀԿ-ի տնօրեն Սամվել Խոդիկյան։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին Ախալքալաքում ինտեգրացիոն գործընթացը, նաև իրենց տեսակետները հայտնեցին հիմնական ձեռքբերումների, ինչպես նաև լիարժեք ինտեգրման ճանապարհին առկա խնդիրների վերաբերյալ։ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մասնակիցներին ուղղեց իրեն հետաքրքրող հարցերը, ինչպես նաև խնդրեց ավելի մանրամասն պատմել Ախալքալաքում տիրող իրավիճակի, խնդիրների և հեռանկարների իր տեսլականի մասին։