Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում, ի թիվս այլ կետերի, Շրջանային ժողովը (սակրեբուլոն) հաստատել է Վրաստանի դրոշի գնման համար ֆինանսավորման հատկացումը։
Ինչպես պարզաբանեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները, հաստատված 6500 լարի գումարը կհատկացվի Ախալքալաքի բերդի տարածքում տեղադրված դրոշակաձողի վրա Վրաստանի դրոշը փոխելու համար։
Դրոշի տեղադրման մրցույթը շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Դայանա Մանուկյանը՝ առաջարկելով 17 750 լարի։ Այս գումարը ներառում էր 20 մետրանոց ցինկապատ դրոշակաձող՝ տեղադրման դետալներով։ Դրոշը 4X6 չափսի է։
Դրոշը տեղադրվել էր հունիսի սկզբին, սակայն այս ընթացքում մրցույթը հաղթողն ստիպված է եղել փոխել դրոշը, քանի որ այն մաշվել էր քամու և տեղումների պատճառով։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանը որոշել է գումար հատկացնել, որպեսզի դրոշը պարբերաբար թարմացվի։