«Մենք խորհրդարան ենք ներկայացրել լրամշակված բյուջե, վերանայված տարբերակ, բայց նոյեմբերին ինտենսիվ կաշխատենք նախարարությունների, գերատեսչությունների հետ և ամսվա վերջում վերջնական տարբերակը կներկայացնենք խորհրդարանին»,- այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկիրն ունի շատ բարձր տնտեսական աճ։

«Իննամսյա տնտեսական աճը կազմել է 11,3%, վերանայվել է իրական տնտեսական աճի կանխատեսումը և ենթադրում ենք, որ այս տարի կունենանք երկնիշ տնտեսական աճ։ Տնտեսական աճի կանխատեսման աճով պայմանավորված՝ աճել է նաև անվանական ՀՆԱ-ի կանխատեսումը և բյուջեի առաջին տարբերակով կանխատեսված 58,4 մլրդ լարիի փոխարեն վերանայված տարբերակը կանխատեսել 58,7 մլրդ լարի։ 2022 թվականին իրական տնտեսական աճի կանխատեսումը 6 տոկոս է։ Մակրոտնտեսական ցուցանիշների առումով 2022 թվականի անվանական համախառն ներքին արդյունքը կազմում է 65 միլիարդ լարի, ինչը նշանակում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 5 500 ԱՄՆ դոլարը»,- ասել է վարչապետը։