Մասնագիտության ընտրության հարցում շատ ուսանողներ հաշվի չառնելով մի շարք կարևոր հանգամանքներ՝ կատարում են սխալ ընտրություն, որը հետագայում կոնկրետ ազդեցություն է ունենում երիտասարդի ապագայի վրա: Մեր այսօրվա հերոսն իր մասնագիտությունն ընտրել է՝ հաշվի առնելով իր ունակությունները, նախասիրությունները և մասնագիտության պահանջվածության աստիճանը, ինչը օգնել է նրան ճիշտ ընտրություն կատարել։
Չնայած բազմաթիվ դժվարություների, որոնց Շոթան բախվել է պետական լեզվի ոչ լիարժեք իմացության պատճառով, իր ոլորտում ֆակուլտետում լավագույն ուսանողն է, և հավակնում է դառնալ լավագույնը նաև ամբողջ համալսարանում:
Շոթա Օվակիմյանն Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղից է: Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, ապա «1+4» ծրագրով ընդունվել և 100% դրամաշնորհ ստանալով ուսումը շարունակում է Թբիլիսիի պետական համալսարանում: Այժմ 3-րդ կուրսի ուսանող է, և մասնագիտանում է ծրագրավորման ոլորտում:
«Փոքրուց սիրել և լավ եմ սովորել մաթեմատիկա, ինչը խթան է հանդիսացել մասնագիտության ընտրության հարցում։ Նաև հաշվի եմ առել այն հանգամանքը, որ 21-րդ դարում ամենապահանջված և ժամանակակից մասնագիտությունը դա ծրագրավորումն է: Կարծում եմ, գաղտնիք չէ, որ արհեստական բանականությունը շատ շուտով կդառնա մեր կյանքի անբաժան մասը։ Բացի այդ, իմ ընտրած մասնագիտությամբ ես հնարավորություն ունեմ տիրապետելու և առաջիներից մեկը տեղեկանալու ժամանակակից աշխարհի նորություներին և փոփոխություներին: Հստակ կարող եմ ասել, որ թե մասնագիտության, թե համալսարանի ընտրությունից գոհ եմ»:
Մեր հերոսն իր ուսումնառության տարիներին բախվել է մի շարք դժվարությունների, առաջին հերթին՝ պետական լեզվին լիարժեք չտիրապետելու պատճառով։ Նախապատրաստական կուրսը սովորել է առցանց, հաղորդակցման խնդիր է ունեցել, դժվարացել է խոսել վրացերեն։ Շոթան հաղթահարելով սկզբնական բարդ շրջանը կարողացել է հասնել իր համար դժվարհաղթահարելի թվացող հանգրվանին։ Այսօր նա արդեն տիրապետում է պետական լեզվին, ստանում է կրթաթոշակ, վարկանշային միավորներով մասնագիտական ուղվածությամբ 106,45 միավորով հայտնվել է առաջին, իսկ ամբողջ ֆակուլտետի մասշտաբով երրորդ հորիզոնականում:
«Գալով Թբիլիսի սկզբում կար կոմունիկացիայի խնդիր, նաև պետք էր առաջադրանքները լավ հասկանալ, ինչը կրկնակի դժվար էր, քանի որ չէի տիրապետում նաև անգլերենին: Հաղթահարելով լեզվական խնդիրները այսօր կարողանում եմ օգտագործել իմ ամբողջ պոտենցյալը։ Լավագույն արդյունքը եղավ այն, որ այս մասնագիտությունը սովորողների շարքում առաջին հորիզոնականում եմ։ Լիարժեք տիրապետում եմ ծրագրավորման Java և C++ լեզուներին, աշխատում եմ նաև խորացնել գիտելիքներս արհեստական ինտելեկտի հնարավորություների և ճիշտ օգտագործման ուղղությունների բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև սովորում եմ JavaScript ծրագիրը»:
Շոթան համալսարանից դուրս զբաղվում է նաև ինքնակրթությամբ, մասնակցում է նաև տարբեր ծրագրերի և միջոցառումների:
«Իհարկե, պետք չէ սահմանափակվել միայն համալսարանի տված գիտելիքներով, շատ կարևոր եմ համարում ինքնակրթությունը, որը երբեմն ավելի արդյունավետ է: Մասնակցում եմ նաև տարբեր ծրագրերի և միջոցառումների, ինչը համարում եմ շատ կարևոր»:
Ապագայի պլանների մասին խոսելիս, Շոթան իր ապագան պատկերացնում է մայրաքաղաքում կամ Ռուսաստանում, Ջավախք վերադառնալ չի ցանկանում, պատճառը իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորության բացակայություն է:
«Ջավախքում հնարավորություններ չկան, այնտեղ ոչինչ չեմ կարողանա անել, իմ ապագան պատկերացնում եմ՝ կամ մայրաքաղաքում, կամ Ռուսաստանի դաշնությունում։ Պլաններ ունեմ, կրթությունս ավարտելուց հետո բացել ակադեմիա, որտեղ երիտասարդներին իմ խմբի հետ կսովորեցնենք ծրագրավորման լեզուները։ Իսկ մյուս տարվանից ծրագրում եմ դիմորդներին ընդունվելու համար մաթեմատիկա պարապել»: