Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը գործընկեր կուսակցությունների՝ «Լելո» և «Ժամանակն է» կուսակցությունների հետ միասին Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիան կանցկացնեն ոչ թե նոյեմբերի 7-ին՝ կիրակի օրը, այլ նոյեմբերի 6-ին՝ շաբաթ օրը։
Այսօր կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել էր նոյեմբերի 7-ին հանրահավաքի անցկացման մասին, սակայն ավելի ուշ կուսակցությունը հստակեցրել է օրը։
Նիկա Մելիան խորհրդարանի մոտ աջակիցների հետ տեղեկատվական հանդիպման ժամանակ ասել է, որ ընդդիմությունը գնում է շրջաններ՝ հանդիպումներ ու հանրահավաքներ անցկացնելու, իսկ հաջորդ կիրակի Ռուսթավելիի պողոտայում և Ազատության հրապարակում տեղի կունենա լայնածավալ հանրահավաք։
Ընդդիմության առաջնորդները հավաքվել էին Ռուսթավելիի պողոտայում՝ բողոքելու ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների դեմ և խոսելու իրենց ապագա ծրագրերի և քայլերի մասին։
Հաջորդ կիրակի նոյեմբերի 7-ն է։ Բայց բանն այն է, որ 2007 թվականի նոյեմբերի 7-ն այն օրն է, որի պատճառով «Ազգային շարժում» կուսակցությանը հաճախ քննադատում են։ Այդ ժամանակ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը ոստիկանական ուժի կիրառմամբ ցրեց մի քանի բողոքի ցույցեր Թբիլիսիում, որոնք անցկացվում էին տարբեր վայրերում։ Իսկ օրվա վերջում հատուկ ջոկատայինները ներխուժեցին «Իմեդի» հեռուստաընկերություն, որն այն ժամանակ պատկանում էր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիին և սուր քննադատության էր ենթարկում Սաակաշվիլիի գործունեությունը, ով արդեն երեք տարի իշխանության ղեկին էր։ Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում «Իմեդի» հեռուստաընկերության տեխնիկան վնասվել էր, իսկ հեռարձակումն՝ անջատվել։
«Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Ժամանակն է» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան բացատրել է, որ հանրահավաքի պլանավորման ժամանակ «շաբաթն ու կիրակին շփոթել են»։
«Հստակեցնելու բան չկա, ես կտրականապես բացառում եմ, որ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Իհարկե, Ազգային շարժումը պետք է ամսաթիվ սահմանի, ես դա անհատապես չեմ որոշում։ Բայց ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ է, նույնիսկ խոսելու բան չկա, որ ակցիան չպետք է անցկացվի նոյեմբերի 7-ին։ Չգիտեմ այն կանցկացվի 6-ին, թե 8-ին, ամսաթիվը կտեղափոխվի առաջ, թե հետ… Ակցիան նախատեսված էր նոյեմբերի 6-ին, բայց շաբաթն ու կիրակի օրը շփոթել էին, դրա համար էլ թյուրիմացություն է տեղի ունեցել»,- հայտարարել է Խոշտարիան։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի ունեցավ մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որում ընտրվեցին 20 մունիցիպալիտետների քաղաքապետերին, այդ թվում՝ հինգ խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի։
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմությունը առաջատար է միայն մեկ քաղաքում՝ Ծալենջիխայում (երկրի արևմուտքում՝ Սամեգրելոյի շրջանում գտնվող քաղաք):