Հայկ Ռստակյանը, ով, Սամվել Մանուկյանի խոսքերով, հարձակվել է նրա վրա ու կոտրել քիթը, հերքում է դա, պնդելով, որ ինքը 7 մետրից ավել չի մոտեցել թեկնածուին:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան, Մեծ Սամսար գյուղում միջադեպ է տեղի ունեցել իշխող՝ «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածուի մասնակցությամբ, ում քթին հարվածել են, ինչպես նաև քարով հարվածել մեքենային: Թեկնածուն ասել էր, որ հարձակվողը Հայկ Ռստակյանն է եղել, և նպատակ է ունեցել իրեն սադրել, ու կատարել է դա պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանի հրահանգով:
Հայկ Ռստակյանը պնդում է, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան, ժամը 23: 00-ի սահմաններում, ընդհակառակը, թեկնածուի կողմնակիցնեը որդու ներկայությամբ իրեն են ծեծել: Նրա խոսքով, ինքը երեկ ուշ երեկոյան գնացել էր Սամսար ցավակցելու իր քեռուն՝ Ռուսաստանում մեկ այլ քեռու մահվան կապակցությամբ: Տեղեկանալով, որ բարեկամն ակումբում է, նա գնացել էր այնտեղ:
«Երբ տեսա Սամվել Մանուկյանին, ասացի.«Հենզելը խոստացել է գազ անցկացնել, դու էլ գյուղի համար մի լավ բան արա»: Նա անպարկեշտորեն հայհոյեց Մկոյանին, ես չպատասխանեցի և ուզում էի հեռանալ, այդ պահին հիշում եմ, որ բարեկամս ինձ մատով սպառնաց և մոտեցավ ինձ: Հետո ես ոչինչ չեմ հիշում, հիշում եմ այն պահը, որ ինձ գետնին գցեցին փողոցում, և մի քանի հոգով ոտքերով սկսեցին հարվածել: Ես հիշում եմ, որ որդիս ուզում էր խանգարել նրանց, որպեսզի ինձ չծեծեին, բայց նրան մի կողմ քաշեցին և նույնիսկ հարվածեցին, և ես այլևս ոչինչ չեմ հիշում », – պատմում է Հայկ Ռստակյանը:
Հայկ Ռստակյանի խոսքով, ծեծից հետո մոտեցել է Սամվել Մանուկյանը ու մատով կպնելով իր թևին ասել, որ ինքը Սամվել Մանուկյանն է, ու հայհոյել: Հետո, ըստ Ռստակյանի, Մանուկյանն ու իր համախոհները հեռացել են:
«Այնտեղ շատ մարդիկ կային, ես նրանց ճանաչում եմ դեմքով, այնտեղ էր զինկոմի աշխատակիցը, սակրեբուլոյի պատգամավորը: Հետո, երբ ինձ արդեն բարձրացրեցին գետնից, նրանք այլևս չկային: Գյուղացիները շատ էին, նրանք կարող էին թույլ չտալ ծեծկռտուքը: Մի փոքր հանգստանալուց հետո մենք եկանք տուն: Երբ մենք արդեն հեռանում էինք, ասացին, որ ոստիկանությունը եկել է և մաքրում է արյան հետքերը », – ասում է Հայկ Ռստակյանը:
Նրա խոսքով, իրեն ծեծել են, քանի որ նա Հենզել Մկոյանի կողմնակիցն է, ելույթ է ունեցել նրա շտաբի բացմանը և, բացի այդ, եղել է միջնորդ սամսարցիների և Հենզել Մկոյանի միջև:
«Ես իմ գյուղացիներին ասացի, որ եթե քվեարկեն Հենզել Մկոյանի օգտին, նա բնական գազ կանցկացնի գյուղում: Գյուղացիներն իրենց հերթին ցանկանում էին, որ նա ընտրություններից առաջ խողովակները բերի գյուղ: Հենզել Մկոյանը հրաժարվեց՝ ասելով, որ դա հիմա կլինի օրենքի խախտում, և խոստացավ գազն անցկացնել ընտրություններից հետո: Նրանք դա գիտեին: Դա 15 օր առաջ էր տեղի ունեցել: Ես ասացի, մտածեք և որոշեք: Գյուղացիներն արդեն գիտեն իրենց շահը, և, հավանաբար, Մանուկյանի թիմը իմացել էր, որ այս ուղղությամբ հաջողություններ կան », – ասաց Հայկ Ռստակյանը:
Հայկ Ռստակյանը հերքում է նաև, որ ինքը ինչ-որ փող է վերցրել, ասում է, որ ցանկանում էին իրեն աշխատանքի վերցնել Հենզել Մկոյանի շտաբում, բայց նա հրաժարվել է, քանի որ դրա համար անհրաժեշտ էր բանկային հաշիվ բացել:
«Ես խնդիրներ եմ ունեցել բանկի հետ, և հիմա ոչ մի դեպքում չեմ գնա բանկ: Ես նրան այդպես էլ ասացի, չնայած ասացի, որ աշխատավարձի կարիք ունեմ: Այն մարդը, ով իր թիմի հետ միասին կարող է ծեծել ինձ և իմ որդուն սեփական գյուղում, չի կարող պատգամավոր լինել: Եվ բացի այդ, թող նա հեռու մնա իմ անձնական կյանքից: Գյուղում ինձ հարգում են, իսկ թե գյուղում ում թաղմանն եմ գնում, կամ չեմ գնում, դա իմ անձնական գործն է », – ասում է նա:
Հայկ Ռստակյանը երեկ՝ հոկտեմբերի 26-ին, դիմել է շրջանային հիվանդանոց: Միջադեպի օրը նա չէր կարողացել: Նրա կնոջ խոսքով, երեկ 5-6 անգամ զանգահարել են 112, բայց շտապօգնությունը չի եկել, այնուհետև նա գնացել է հիվանդանոց, որտեղ կատարել են գլխի հետազոտության (ՄՌՇ), չափել ճնշումը, որը շատ բարձր է եղել, իսկ հետո նրան թույլ են տվել տուն գնալ: Քանի որ հիվանդանոցը նյարդաբան չունի, նա մտադիր է դիմել բժշկի Ախալցիխեում:
Այս փաստի առթիվ հետաքննություն է ընթանում, գործը հարուցված է Վրաստանի ՔՕ 126-րդ և 187-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է «բռնություն» և «գույքի վնասում կամ ոչնչացում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Սամսար գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո «Վրացական երազանք» -ի պատգամավորության թեկնածուն ասել էր, որ Սամսար գյուղում Հայկ Ռստակյանը հարձակվել է իր վրա, քանի որ թեթև վեճի ժամանակ ինքը և իր թիմը չեն հետևել սադրանքին: Մանուկյանի խոսքերով, Հայկ Ռստակյանը գործել է Հենզել Մկոյանի հրամանով: Մկոյանն իր հերթին հերքել է իր մասնակցությունն այս միջադեպին:
Հարկ է նշել, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվում են ինչպես Սամվել Մանուկյանը, այնպես էլ Հենզել Մկոյանը: Մանուկյանը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, մինչդեռ Հենզել Մկոյանն իր թեկնածությունն առաջադրել էր նախաձեռնող խմբի միջոցով, երբ չէր ընդգրկվել իշխող կուսակցության ցուցակներում: 2016 թ-ին երկու թեկնածուներն էլ առաջադրվել էին և խորհրդարան մտել որպես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ: