ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանրապետության 70 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի մասին:
Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության, ձայների վերահաշվարկը կիրականացվի բողոքների և դիմումների հիման վրա` հունիսի 23-ին, չորեքշաբթի օրը: Ընտրությունների օրը հանրապետությունում ընդհանուր առմամբ բացվել էր 2 008 ընտրատեղամաս:
Միևնույն ժամանակ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ` պահանջելով հանձնաժողովին պարտավորեցնել անվավեր ճանաչել ավելի վաղ կայացված որոշումը և նախազգուշացում ներկայացնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր «Հայաստան» դաշինքի բողոքը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նախազգուշացում տալու պահանջով, որը, ըստ Քոչարյանի գլխավորած ուժի, նախընտրական շրջանում քարոզարշավի ընթացքում օգտագործել է վարչական ռեսուրսներ, օգտագործել ոստիկանության աշխատակիցներին և ծառայողական մեքենաներ:
Անցյալ կիրակի Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընտրողների մասնակցությունը կազմում էր ընտրացուցակների 49,4%-ը:
Ըստ ԿԸՀ-ի բոլոր քվեաթերթիկների հաշվարկման նախնական արդյունքների, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց՝ հավաքելով 53,92%: Քոչարյանի դաշինքը ստացել է ձայների 21,04%-ը:
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության և Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության շուրջ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքել է ձայների 5,23%֊ը: