Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարզախ գյուղում բնակիչներն ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում, սակայն խոտի բարձր գինն ու կարտոֆիլի թանկացումը տեղիք տվեցին մտածելու հողագործության զարգացման ուղղությամբ։

Կարզախ գյուղը գտնվում է Ախալքալաքից 35 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանին։ Գյուղն ունի մոտ 1200 բնակիչ։ Գյուղն ունի մանկապարտեզ, դպրոց, եկեղեցի, Ջիվանու տուն-թանգարանը։ Բնական գազ չկա, խմելու և ոռոգման ջուրը խնդիր է։

karcax doroga

Հնարավորության դեպքում բնակիչները լքում են գյուղը, ինչ-որ մեկը տեղափոխվում է Ախալքալաք, մեկը՝ Հայաստան կամ Ռուսաստան։ Իսկ մնացածները զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ:

Գյուղում կան խոշոր ֆերմերներ, ովքեր պահում են 100 և ավելի կով և մանր ֆերմերներ, ովքեր ունեն 3-ից 15 կով։ Այս տարի, ըստ բնակիչների, կարտոֆիլի թանկացման հետևանքով հողագործությունն ավելի եկամտաբեր է դարձել, իսկ անասնապահությունը՝ պակաս եկամտաբեր, քանի որ խոտը թանկացել է։ Բացի այդ, գյուղացիներն այլ խնդիրների մասին էլ են խոսում։ Ամեն ինչ թանկացել է, լարին կորցրել է իր գինը, սակայն միսը մնում նույն գինն է։ Բացի այդ, մեծ խնդիր է հովիվ գտնելը։

Միշա Աբգարյանն ուներ 4 կով, բայց այս տարի թողել է միայն մեկին.

«Խոտ չկա, շատ թանկ է, որոշեցի վաճառել, լավ խոտի պռեսը 10-12 լարի է, վատը՝ 7-8 լարի, սիլոսը՝ 7 լարի»,- ասում է Միշա Աբգարյանը։

karcax xot

Ատոմ Հողմրցյանն ունի մեծ ֆերմա։ Կաթը Նինոծմինդայում է հանձնում 1,40 լարիով, իսկ միսը գնում են տեղի վաճառողները կամ մառնեուլցի վերավաճառողները։

Սամվել Պեդանյանը պահել է ընդամենը 6 կով, մի քանիսին վաճառել է խոտի պակասության պատճառով.

«Միս գնողներն արդեն գիտեն, որ բոլորը կով են վաճառում, գինն իջեցնում են։ 1300 լարի արժեցող կովը 1000 լարիով ենք վաճառում։ Արդեն գիտեն, որ միևնույն է վաճառելու ենք, ստիպված ենք վաճառել, չենք կարող պահել և գինն են իջեցնում»,- ասում է Սամվել Պեդանյանը։

Բնակիչները կաթի գինը ցածր են համարում, չնայած այս տարի կաթը նույնպես թանկացել է և արժե 1.20-1.40 լարի:

Էվելինա Վարդերեսյանն ասում է, որ այլեւս չգիտի, թե ինչն է ձեռնտու՝ անասուն պահելը, թե կարտոֆիլը.

«Մենք ընտանիքով ֆերմայում ենք աշխատում, 25 կով ունենք, ամեն տարի գները փոխվում են՝ կա՛մ կարտոֆիլն է թանկանում, կա՛մ միսը, այս տարի 3 հա կարտոֆիլ ենք ցանել»,- ասում է Էվելինա Վարդերեսյանը։

Նրանք նույնպես կաթը հանձնում են Նինոծմինդայում, իսկ միսը վաճառում եկվորներին և տեղի վաճառողներին։

karcax1

Ջավախքում գյուղատնտեսությունը նման է վիճակախաղի, ամբողջ տարին աշխատում ես ու չգիտես տարվա վերջում շահույթ կստանաս թե վնասի մեջ կհայտնվես։