Ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի մյուս գյուղերում, Ազմանայում նույնպես խնդիրները շատ են, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Բնակիչներն ասֆալտապատ ճանապարհ են ուզում, ինչպես նաև հնարավորություն սեփականաշնորհելու իրենց տները։

Ազմանա գյուղ հասնելու համար պետք է անցնել Հոկամով: Խաչմերուկից, որտեղից թեքվուն ենք դեպի Ազմանա ավարտվում է ասֆալտը։

«Շատ կարևոր է, որ ճանապարհներն ասֆալտապատվեն, ասֆալտն ավարտվելուց հետո մեզանից մեկ ժամ է պահանջվում, որ հասնենք գյուղ», – ասում է Ազմանայի բնակիչ Բաղդասար Մղդեսյանը։

Եվ քանի որ գյուղի ճանապարհներն ասֆալտապատ չեն, գյուղում չկան նաև աղբամաններ։ Միակ աղբամանը, որտեղ էլ գյուղացիները թափում են օրերով հավաքված աղբը, տեղադրված է ասֆալտապատ ճանապարհին և շատ հեռու է գյուղից, մոտավոր 1-2 կմ։

Azmana

Ինչ վերաբերվում է Ազմանա գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատմանը, ապա քաղաքապետարանում դեռ չեն կարող ասել, թե երբ կասֆալտապատեն:

«Ընտրությունների ժամանակ գալիս սարեր են խոստանում, հետո նստում են աթոռին ու մոռանում: Ասում են Ազմանան ո՞ր գյուղն է», – ասում է Կատյա Փամբուխչյանը։

Գյուղում նաև ոռոգման համակարգի խնդիր կա, ինչպես նաև սեզոնին էլ խմելու ջուր չի լինում, գյուղացիներն անգամ համաձայն են, որ ջրաչափ տեղադրեն, որպեսզի մարդիկ խնայեն խմելու ջուրը, այգիները չոռոգեն խմելու ջրով։

azmaneciner

«Խմելու ջուրը քաշեցին, սակայն ջրելու սեզոնին ջրի մակարդակն ընկնում է, մյուսներն էլ այգիներն են ջրում, մենք մնում ենք առանց ջուր», – ասում է Սայաթ Մղդեսյանը։

Ազմանայում տասնյակ տարիներ է դեռ անլուծելի է մնում տների սեփականաշնորհման հարցը։

«Տուն չունեմ, միայն մի հեկտար հող ունեմ, քանի որ մեր բնակարանները սեփականաշնորհած չեն, նույնիսկ վարկ չենք կարող վերցնել։ Դիմում ենք քաղաքապետարան, ասում են որ իրենց չի վերաբերում, դիմում ենք այլ տեղեր, չեն բացատրում։ 30 տարվա ընթացքում ոչ մի սեփականություն չունեցանք: Խուլոյից ենք եկել այստեղ, փաստաթուղթ ունենք, որ մեր բնակարաններն անվճար սեփականաշնորհեն։ 1989 թվականից այստեղ ենք, կարող է վաղը մյուս օրը մեկը գա ասի, որ իմ տուն է, դուրս եկեք այստեղից, ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է կատարվում», – ասում է Ասլան Թավարդխիլաձեն:

Հարկ է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի ոչ միայն Ազմանա գյուղի բնակիչնեը չեն կարող գրանցել իրենց տները, այլև Հոկամ, Ափնիա, Գոգաշեն, Ազմանա, Քարծեպ, Կոթելիա, Պտենա, Չունչխա գյուղերի։ Նրանք Աջարիայից 1988-1989 թվականներին բնական աղետից հետո վերաբնակեցվել են այստեղ, սակայն չեն կարող սեփականաշնորհել այն տները, որտեղ նրանք բնակություն են հաստատել և կառուցել դրանք ավելի քան 30 տարի առաջ։

tun