Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում կասեցվել է եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքները, քանի որ համապատասխան թույլտվությունը չի եղել: Եկեղեցու տանիքը վերականգնվում էր բարերարների միջոցներով:
Տուրցխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Ղևենյանի խոսքով, մայիսի 16-ի երեկոյան Թբիլիսիից ժամանել էին մարդիկ՝ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի հետ միասին: Նրանք խնդրեցին եկեղեցում աշխատանքների կատարման համար թույլտվությունը ցույց տալ և վերականգնման նախագիծը: Քանի որ այդ փաստաթղթերը չկային, նրանք ասացին, որ աշխատանքները կկասեցվեն, մինչև թույլտվություն չլինի:
Ըստ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, առանց թույլտվության վերականգնումն արգելել են Կրոնական գործերի գործակալության ներկայացուցիչները:
Մասնագետները պետք է պատրաստեն նախագիծ, որը կուղարկվի Կրոնական գործերի գործակալությանը: Երբ դրանք հաստատվեն գործակալության կողմից, վերականգնման աշխատանքները կվերսկսվեն:
«Մենք ամեն ինչ կանենք, հնարավորինս շուտ լուծելու այդ հարցը, թույլտվություն ստանալուց անմիջապես հետո աշխատանքները կշարունակվեն», – ասում է փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Եկեղեցու տանիքը վերանորոգվում է ծնունդով Տուրցխ գյուղի բարեգործների միջոցներով, որոնք այժմ բնակվում են Ռուսաստանում:
Գյուղի բնակչությունն ըստ 2014 թ. մարդահամարի՝ կազմում է 759 մարդ: Եկեղեցին կաթոլիկ է:
Բրատիսլավ Իգիթխանյան