Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) աշխատանքների նախագծերը պատրաստ կլինեն հունիսի կեսին: Հենց այդ ժամանակ էլ տվյալ աշխատանքների իրականացման համար անմիջապես կհայտարարվեն տենդերներ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի ՕԳԾ-ի աշխատանքների ոչ բոլոր նախագծերն են պատրաստ: Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքերով, բոլոր նախագծերը պատրաստ կլինեն առավելագույնը այս ամսվա կեսին:
«Մոտ 20 նախագիծ արդեն պատրաստ է, սակայն մենք կսպասենք, որպեսզի բոլոր տենդերները միասին հայտարարենք: Հիմնական աշխատանքներն են՝ ճանապարհները, լուսավորությունը, ջրագիծը, սպորտային գույքը», – ասում է Մագդա Ամիրշադյանը:
Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, բայց ենթակառուցվածքների վարչությունից ասացին, որ կփորձեն դրանք ավարտել սեպտեմբերին:
Այս տարի ՕԳԾ-ի աշխատանքներն իրականացվելու են մրցակցային հիմունքներով, բայց եթե ոչ ոք չմասնակցի, ապա նրանք ստիպված կլինեն կազմել ուղղակի պայմանագրեր:
Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ՕԳԾ-ի շրջանակներում ստացել է մոտ 922 000 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի:
Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրը մեկնարկել է 2011 թ.-ին, 2019-ին՝ երկամյա ընդմիջումից (2017, 2018) հետո, պետությունն այն կրկին վերսկսեց: Տվյալ ծրագրի շրջանակներում տարբեր գյուղերում իրականացվել են մի շարք նախագծեր, ինչպիսիք են՝ ծիսական տների, ակումբների վերականգնումը, գերեզմանատների ցանկապատումը, ճանապարհների ուղեհարթումը, ինչպես նաև այլ նախագծեր: