Վրաստանում պատվաստումների մակարդակը օրական 20-30 հազարից իջել է 5000-6000-ի։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 19-ի դրությամբ, Վրաստանը կրկին աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման առումով: JNEWS-ն ուսումնասիրել է, թե ինչպես է ընթանում պատվաստման գործընթացն Ախալքալաքում և ինչ է արվում դրան նպաստելու համար:
Ախալքալաքում պատվաստումն իրականացվում է քաղաքային հիվանդանոցում։ Վեներա Մահտեսյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը պահանջված են, բայց եթե հիվանդանոցում նախկինում կատարվում էր 50-60 պատվաստում, ապա այժմ լինում են օրեր, երբ պատվաստվողներ ընդհանրապես չեն լինում, երբեմն էլ պատվաստվում է 10-15 մարդ: Հիմնականում գալիս են երկրորդ դեղաչափը ստանալու համար, շատ հազվադեպ՝ առաջինը:
«Հիմնականում պատվաստվում են պետական կառույցների աշխատակիցները։ Ուսուցիչները, հենց իմացան, որ թեստերն անվճար են, դադարեցին գալ։ Հոկտեմբերի 16-ին և 17-ին չենք պատվաստել»,- մեկնաբանեց Վեներա Մահտեսյանը։
Վերջինիս խոսքով, բժիշկները հիվանդներին չեն «պարտադրում» պատվաստվել.
«Մենք մեզ նման բան թույլ չենք տալիս, ես իմ կարծիքն եմ հայտնում, բայց ոչ ոքի չեմ պարտադրում և ոչ մեկին ոչինչ չեմ ստիպում։ Իսկ իմ կարծիքն այն է, որ մենք, միանշանակ, պետք է պատվաստվենք»,- ասում է բժիշկը։
Նա նշում է, որ պատվաստումների մակարդակի նվազումը պայմանավորված է պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության տարածմամբ և հակավաքսերային տարաբնույթ քարոզչությամբ։
Ախալքալաքի ՀԱԿ-ից հայտնում են, որ անցած 4 օրվա ընթացքում (հոկտեմբերի 18,19,20,21) ընդհանուր առմամբ պատվաստվել է 63 մարդ։ Հոկտեմբերի 18-ին կատարվել է Sinopharm-ի 12 պատվաստում, 10-ը՝ Pfizer-ով, ընդհանուր՝ 22 պատվաստում։ Հոկտեմբերի 19-ին՝ 3 պատվաստում Sinovac-ով, 9-ը՝ Pfizer-ով, ընդհանուր 12 պատվաստում։ Հոկտեմբերի 20-ին՝ 14 Sinopharm-ով, 6-ը՝ Pfizer-ով։ Հոկտեմբերի 21-ին՝ 6-ը Pfizer-ով, 3-ը՝ Sinovac-ով։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը նույնպես կարծում է, որ մունիցիպալիտետում պատվաստումների տեմպերի նվազման պատճառն ուսուցիչների համար վճարովի թեստավորումը չկիրառելու լուրերն են։
«Նախկինում պատվաստումների ցուցանիշը օրական 50-ից ավելի ներարկում էր, հիմա տատանվում է օրական 10-20-ի սահմաններում»,- մեկնաբանում է Սիրանուշ Տոնականյանը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն չի զբաղվում պատվաստումների խթանմամբ, այլ զբաղվում է միայն թվերով հաշվետվությամբ, ինչպես նաև կորոնավիրուսային թեստերով: