Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը ճիշտ քայլ է համարում պատգամավորների պարբերական այցերը Ջավախք, ինչը նպաստում է երկկողմանի՝ պետություն-տարածաշրջան երկխոսության կայացմանը:
«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ: Ես սա շատ ճիշտ եմ համարում, որ ժամանակ առ ժամանակ պետք է գան տարածաշրջան, ծանոթանան տեղի խնդիրներին, որ տարածաշրջանը բաց լինի մնացած Վրաստանի համար: Այսօր Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամներն են այստեղ: Սա նշանակում է առաջին հերթին տնտեսական առումով բաց լինել: Լինի գյուղատնտեսություն, տուրիզմ, թե մեկ այլ ոլորտ պետք է զարգացնել: Եվ պետության խնդիրն ու ֆունկցիան պետք է լինի այդ զարգացմանը նպաստելը», – Jnews-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և ինտեգրման հարցերով հանձնաժողովի անդամ Ռուսլան Պողոսյանը:
Պատգամավորի կարծիքով, Ջավախքում աշխատանքի պայմանները բարելավվելու դեպքում բիզնեսի զարգացման բարձր ցուցիչ կունենանք:
«Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Ջավախքի բնակչությունը շատ աշխատասեր է: Ես չեմ կասկածում, որ լավ պայմանների դեպքում բիզնեսը կարող է մեծ թափով զարգանալ: Այն ծրագրերը, որոնք ուղղված են Վրաստանում էկոնոմիկայի տարբեր ոլորտների զարգացմանը, այստեղ Ջավախքում թույլ է զարգացած և մեր խնդիրն է, որ դրանք նույնպես հայտնի և տարածված լինեն, այնպես ինչպես Վրաստանի մյուս շրջաններում է»,- ասաց Ռուսլան Պողոսյանը:
Jnews-ի հարցին, թե ինչով է պայմանավորված պետական պաշտոնյաների ներկայացուցչական հաճախակի այցերը Ախալքալաք, պատգամավորը պատասխանեց. «Ավելին է հասկացողությունը, տնտեսական, քաղաքական, մշակութային ինտեգրացիան: Ներկայիս իշխանությունները սա շատ լավ հասկանում ու գիտակցում են», – նշեց Խորհրդարանի պատգամավորը:
Լուսանկարը՝ պատգամավորի ֆեյսբուքյան էջից
Աղունիկ Այվազյան