Վրաստանում 60-ն անց քաղաքացիներին 200 լարի հավելավճարի ծրագիրն արդեն ուժի մեջ է։ Հետևաբար, այս տարիքային խմբի մարդիկ, ովքեր առաջին անգամ կպատվաստվեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, կկարողանան ստանալ այս գումարը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևան Գոգոձեն։
Գոգոձեի խոսքով, գումարը ստանալու մեխանիզմը հետևյալն է. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալությունը պատվաստումների բազան կտրամադրի Սոցիալական ծառայության գործակալությանը, յուրաքանչյուր ամսվա մեկին և 15-ին։ Գործակալությունը այդ օրվանից հինգ օրվա ընթացքում կկատարի 200 լարիի չափով փոխանցումը։ Գումարը կփոխանցվի քաղաքացու կենսաթոշակային հաշվեհամարին։
Միևնույն ժամանակ, ըստ Գոգոձեի, քանի որ Վրաստանում տղամարդկանց կենսաթոշակային տարիքը սկսվում է 65-ից, այն քաղաքացիները, ովքեր 60-ից 65 տարեկան են և թոշակառու չեն, ընդ որում, նրանք չունեն բանկային հաշիվ, սոցիալական ծառայության գործակալությունը հաշվեհամար կբացի Լիբերթի Բանկի հետ համաձայնագրի շրջանակներում։ Հաշիվը կբացվի բազաները ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին, և այդ անձինք միջոցները կստանան հինգ օրվա ընթացքում։ Դրա համար նրանք պետք է ID քարտով դիմեն Liberty Bank-ի ցանկացած մասնաճյուղ յուրաքանչյուր ամսվա 15-ից հետո
Ըստ նրա, դա կլինի սոցիալական հաշիվ, ինչը նշանակում է, որ մարդկանցից գումար չի գանձվի հաշիվ բացելու, գումար հանելու կամ այլ ծառայությունների դիմաց։
Օրինակ, եթե անձը պատվաստվի նոյեմբերի 9-ին, գործակալությունը նրա տվյալները կստանա նոյեմբերի 15-ին։ Նոյեմբերի 15-ից սկսած հինգ աշխատանքային օրում քաղաքացին կկարողանա գումարը հանել։
Լևան Գոգոձեն պարզաբանում է նաև, որ եթե անձը պատվաստվի դեկտեմբերի վերջին օրերին, ապա հավելավճարը կստանա 2022 թվականի առաջին օրերին՝ սահմանված ժամկետում։
Հավելավճարը կտրամադրվի միայն նրանց, ովքեր ընդհանրապես չեն պատվաստվել և հիմա ընդունել են առաջին դեղաչափը:
Նախօրեին Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի կենսաթոշակային միանվագ հավելավճար՝ 200 լարի, կտրվի 60 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու, ով կպատվաստվի մինչև հունվարի 1-ը։