Յուրաքանչյուր կնոջ կյանքում վաղ թե ուշ առաջանում է երկընտրանք՝ աշխատանք, թե ընտանիք։ Որոշ մարդիկ նախընտրում են կենտրոնանալ մի բանի վրա, իսկ մյուսները փորձում են դրանք համատեղել, ինչը միշտ չէ, որ հեշտ է տրվում: Կանանց համընդհանուր խնդիրը հատկապես սուր է Ջավախքում՝ ելնելով տեղական ավանդապաշտ մոտեցումներից, գավառական հայացքներից և կարծրատիպերից։ Jnews-ը աշխատող և չաշխատող մայրերից իմացավ, թե որոնք են նրանց ընտրության դրական և բացասական կողմերը:

Վրաստանում, ինչպես տարածաշրջանի շատ այլ երկրներում, զբաղվածության հարցում գենդերային անհավասարության խնդիր կա։ Համաձայն 2024 թվականի տվյալների՝ աշխատանքի տեղավորված տղամարդկանց (66%) տոկոսային արտահայտումն ավելի մեծ է, քան կանանցը (45%): Բացի այդ, մեծ տարբերություն կա տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև։ Տղամարդկանց համար միջին անվանական աշխատավարձը 2343.2 լարի է, իսկ կանանցը՝ 1540.0 լարի։

Ախալքալաքում գենդերային անհավասարության խնդիրն էլ ավելի է սրվում։ Կանայք հաճախ ցանկանում են, բայց չեն կարողանում աշխատել, քանի որ նրանց ամուսինները թույլ չեն տալիս։ Իսկ երեխա ունեցող կանանց համար դա կրկնակի դժվար է, քանի որ նրանք կանգնած են ընտրության առաջ՝ աշխատանք կամ երեխաների խնամք, և միշտ չէ, որ տանը օգնող են ունենում, ում մոտ նրանք կարող են թողնել իրենց երեխաներին։ Երբեմն իրենք՝ մայրերը, հոգեբանորեն չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ստիպված են լինելու թողնել իրենց երեխաներին և գնալ աշխատանքի, նույնիսկ եթե այդպիսի հնարավորություն կա։

elenka7

Ելենան 28 տարեկան է, ունի երկու երեխա, այս պահի դրությամբ նա չի աշխատում։ Ելենան մասնագիտությամբ մենեջեր է, մագիստրատուրայում ուսման ընթացքում և ավարտելու պահին նա իր մասնագիտությամբ աշխատել է Երևանում, բայց հետո սկսվեց կորոնավիրուսի համավարակը, որը ճշգրտումներ մտցրեց նրա կյանքում։

«Մեր գրասենյակը փակվեց, ես վերադարձա Ախալքալաք, ամուսնացա: Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ուզում էի, մի տարբերությամբ՝ ես ուզում էի նախ աշխատանք գտնել, հետո ամուսնանալ, կամ գոնե մինչև երեխա ունենալը աշխատանք գտնել: Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց, հիմա ես սպասում եմ, թե երբ պիտի երեխաները մեծանան»,- ասում է նա։

Ելենան այս պահին չի կարողանում համատեղել երեխաների խնամքն ու աշխատանքը, քանի որ նրա ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են, իսկ ինքը երեխաներին ինչ-որ մեկի մոտ թողնելու հնարավորություն չունի։ Նա կարծում է, որ եթե մինչև երեխա ունենալն աշխատեր, ապա ելքը կգտներ և մնացած ամեն ինչ կհարմարեցներ աշխատանքին։

«Կարծում եմ, որ ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, մենք կհարմարվեինք դրան: Ես հոգեբանորեն ավելի պատրաստված կլինեի, որ ես աշխատանք ունեմ և պետք է թողնեմ երեխաներին ու գնամ աշխատանքի, բայց հիմա, քանի որ ես չեմ աշխատում, ուզում եմ երեխաներին լիարժեք մեծացնել»,- ասում է մեր հերոսուհին։

Փոքր դուստրը դեռ շատ փոքր է և չի կարողանում մանկապարտեզ գնալ։

«Մեծս արդեն կարող է գնալ մանկապարտեզ, ինքնուրույն ուտել, հագնվել, իսկ փոքրիկս՝ ոչ: Դայակ վարձելու մեջ իմաստ չեմ տեսնում, այսքան ժամանակ ես ինքս եմ մեծացրել նրանց, մի քիչ էլ կդիմանամ»,- ասում է նա։

elenka3

Ելենայի խոսքով, եթե ունես աշխատելու ցանկություն և հնարավորություն, ապա Ախալքալաքում աշխատանք գտնելն իրատեսական է:

«Ինձ թվում է, որ եթե վրացերեն գիտես, կարող ես աշխատել ցանկացած ոլորտում՝ խանութների ցանց, կառավարական ոլորտ, բանկեր և դեղատներ: Ուրիշ բան մեզ մոտ չկա։ Բացի դեղատներից, մնացած բոլոր ոլորտները համապատասխանում են իմ մասնագիտությանը»,- ասում է նա։

Սակայն Ախալքալաքում շատ մայրեր չեն տիրապետում պետական լեզվին, ուստի նրանց համար կարող է դժվար լինել աշխատանք գտնելը: Պետական սեկտորը փակ է նրանց համար, իսկ մասնավոր ընկերությունները չեն ապահովում աշխատանքային նվազագույն պայմաններ աշխատող մայրերի համար։

Ելենան խոստովանում է, որ բացի հնարավորություններից, կա նաև հոգեբանական գործոնը, որն իր մասին զգացնել է տալիս։

«Որպես մայր՝ ես չեմ կարող երեխաներիս թողնել նույնիսկ մանկապարտեզում, որքան էլ դա ապահով լինի, և ինչքան էլ այնտեղ նրանց նայեն, ես չեմ կարող երեխաներիս թողնել ու գնալ, մենք կարծես սովորել ենք միշտ լինել միասին»։

Ելենայի խոսքով՝ Վրաստանում պետական հատվածում և՛ մայրերին, և՛ հայրերին աշխատանքային լավ պայմաններ են տալիս։ Օրինակ՝ երեխաներին մանկապարտեզ, դպրոց տանելու համար ժամանակ են հատկացնում, որոշ տեղերում մանկական տարածքներ կան, այսինքն՝ ծնողները կարող են երեխաներին իրենց հետ աշխատանքի տանել։ Սակայն մասնավոր ընկերություններում, ըստ նրա, ամեն ինչ այդքան էլ լավ չէ։

Չնայած այն հանգամանքին, որ այս պահին Ելենան ընտրել է ընտանիքը, նա անպայման ցանկանում է ապագայում աշխատել։

elenka5

Լուսինե Մինասյանը Ախալքալաքի բնակչուհի է, ով 15 տարի աշխատում է բանկային ոլորտում։ Համալսարանն ավարտելուց հետո 2008 թվականին նա անմիջապես աշխատանքի է անցել։ 5 տարի անց Լուսինեն ամուսնացել է, և այդ ժամանակվանից համատեղել է երկու երեխայի խնամքը, ընտանիքն ու աշխատանքը։

lusine

«2014թ.-ին ծնվեց իմ առաջնեկը՝ որդիս, որից հետո մեկ տարի ֆիզարձակուրդում էի, իսկ երկրորդ երեխայիս ծնվելուց հետո ես երկու տարի ֆիզարձակուրդ գնացի: Իմ աշխատանքային կյանքում այլևս ընդմիջումներ չեն եղել»,- պատմում է նա:

Ախալքալաքում ընդունված չէ, որ կինն ավելի շատ ժամանակ տրամադրի աշխատանքին, քան ընտանիքին՝ վազի կարիերայի հետևից: Մտածողությունը հասարակությանը թելադրում է, որ կնոջ կոչումն առաջին հերթին ընտանիքն է, իսկ եթե նա աշխատում է, ապա՝ «ոչ ի վնաս ընտանիքի»։ Լուսինեի բախտը բերել է այս հարցում, և նրա ընտանիքը ըմբռնումով է մոտեցել, որ նա աշխատում է, բայց Ախալքալաքի համար նրա օրինակը ավելի բացառություն է, քան՝ սովորական երևույթ։

lusine2

«Դժվարություններ միշտ կան, բայց պետք է ճիշտ տնօրինել ժամանակը, ուշադրություն դարձնել և՛ աշխատանքին, և՛ ընտանիքին, դա, իհարկե, դժվար է, ոչ բոլորի մոտ է ստացվում: ԻՆձ մոտ ստացվել է, քանի որ իմ ընտանիքում փոխըմբռնում կա, ամուսինս ըմբռնումով է մոտենում աշխատանքիս, և ես նույնպես շատ եմ սիրում իմ աշխատանքը, առանց դրա ես չէի կարողանա համատեղել»,- կիսվում է նա։

Բացի այն, որ ոչ բոլոր ամուսիններն են թույլ տալիս իրենց կանանց աշխատել, Ախալքալաքին նաև բնորոշ չէ, որ ամուսինները մասնակցեն երեխաների դաստիարակությանը։ Շատ հազվադեպ կարելի է տեսնել, որ մայրն ու հայրը հավասար ժամանակ են հատկացնում երեխայի խնամքին, սովորաբար միայն մայրն է դա անում: Այս առումով Լուսինեն նշում է, որ կարևոր գործոնը, որն օգնում է կնոջը համատեղել ընտանիքն ու աշխատանքը, մտերիմների ու հարազատների օգնությունն է։

«Ամուսնուս ծնողներն են օգնում, մայրս օգնում է, նրանց աջակցությունը նույնպես շատ կարևոր է, եթե նրանք չլինեին, կարող էր խնդիրներ և դժվարություններ լիներ: Կարևոր է ունենալ մեկին, ում հետ կարող ես թողնել երեխաներին»:

lusine4

Լուսինեն խոստովանում է, որ իր համար հոգեբանորեն շատ դժվար էր երեխաներին թողնելն ու աշխատանքի գնալը։

«Ինձ համար դժվար էր հատկապես այն ժամանակաշրջանում, երբ ես թողնում էի իմ կրտսեր աղջկան, ուստի ես անընդհատ երկարացնում էի դեկրետը և 2 տարի դեկրետում էի, ինձ համար հոգեբանորեն դժվար էր թողնել երկու երեխաներիս: Ես անընդհատ մտածում էի, թե նա հիմա ինչով է զբաղվո՞ւմ, գուցե, չի ուտում, լացում է: Ավագ երեխաս արդեն 10 տարեկան է, բայց ես, այնուամենայնիվ, անընդհատ մտածում եմ՝ արդյոք նա հասել է տուն, իմ մտքերը միշտ նրա հետ են»:

Չնայած աշխատող մայր լինելու հետ կապված բոլոր դժվարություններին, Լուսինեն կարծում է, որ ճիշտ ընտրություն է կատարել:

«Ես աշխատում եմ մինչև 6-ը, 7-ը, երբեմն նույնիսկ մինչև 9-ը, իսկ աշխատանքից հետո պետք է հոգ տանեմ երեխաների մասին, իհարկե, շատ եմ հոգնում, բայց կարծում եմ, որ ճիշտ է և՛ աշխատել, և՛ ունենալ ընտանիք: Առանց ընտանիքի կյանքն անհետաքրքիր է, բայց առանց աշխատանքի էլ չես կարող: Երբ աշխատում ես, քեզ այլ կերպ ես զգում, նաև մնացածը քեզ հարգում են: Ընկերներ, շրջապատ: Այս ամենը տալիս է աշխատանքը»,- հավելում է նա։

lusine5

Ախալքալաքում սուղ աշխատաշուկան, ինչպես նաև մանկահասակ երեխաների մայրերի համար ճկուն աշխատանքային պայմանների բացակայությունը խանգարում է կանանց ընտրել բազմաթիվ այլընտրանքներից գոնե մեկը: Հաճախ կանայք իրենց չեն պատկերացնում տնից դուրս աշխատող մոր կամ կնոջ դերում, իսկ կարիերայի մասին մտքերը մնում են անհաս երազանք: