Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերներն ինտենսիվ հավաքում են կարտոֆիլի բերքը: Այս տարի Ախալքալաքի կարտոֆիլի պահանջարկը մեծ է, այն գնում են 1 լարիով, սակայն, քանի որ այս օրերին մունիցիպալիտետում հավաքվել է մեծ քանակությամբ կարտոֆիլ, գնորդները ցանկանում են գինն իջեցնել:
Վերավաճառողներն Ախալքալաքից կարտոֆիլն արտահանում են Ռուսաստան, Ադրբեջան և Ղազախստան:
Այս տարի բերքն ավելի քիչ է, քան նախորդ տարի, սակայն կարտոֆիլի գինը բարձր է: Դաշտից կարտոֆիլը վաճառվում է 1 – 1.20 լարիով: Ախալքալաքի ֆերմերները կարտոֆիլի նման գին չեն հիշում, այն էլ աշնանը:
Ֆերմեր Ալեքսան Մանուկյանն ամեն տարի ցանում է մոտ 15 հեկտար կարտոֆիլ: Նա գոհ է գներից և այն հանգամանքից, որ վաճառում է անմիջապես դաշտից:
«Ես ունեմ մշտական գնորդներ Թբիլիսիից, բայց այս տարի շատ են գնորդները Ռուսաստանից: Այնտեղ այս տարի ընդհանրապես բերք չկա: 15 օրում ամբողջ բերքը կհավաքեմ: Անցյալ տարի բերքն էր լավը, այս տարի՝ գինը », – ասում է Ալեքսան Մանուկյանը:
Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքի սկսվելուն պես Ռուսաստանից և Վրաստանի այլ շրջաններից հայտնվեցին մեծ մկեքենաներ, որոնք կարտոֆիլ են փոխադրում: Դրանց մի մասին վարձել էին վերավաճառողները, իսկ մյուսները՝ իմանալով, որ փոխադրման կարիք կա, իրենք էին եկել: Հաճախորդների սպասման մեջ, Ախալքալաքի բերդի մոտ, կանգնած են մեծ մեքենաները:
Վարորդները, որպեսզի իրենց վարձեն, սպասում են 4 կամ նույնիսկ 5 օր: Վարորդներից մեկը, որը ներկայացավ որպես Սոսո, ասաց, որ իրենց վարձել են հեռախոսազանգով, նրանք եկել են, բայց այստեղ այդ անձը չի պատասխանում հեռախոսազանգերին: Նրանց առաջարկել են կարտոֆիլը փոխադրել 800 դոլարով, սակայն նրանք հրաժարվում են:
«Հինգերորդ օրն է մենք սպասում ենք, որ փոխադրման գինը բարձրանա, ևս երկու օր կսպասենք և կբեռնենք «Նատախտարին» (խմբ՝ լիմոնադ) և կգնանք: Նա, ով մեզ այստեղ է կանչել, հիմա չի պատասխանում մեր զանգերին, չի վերցնում հեռախոսը, 7 մեքենայով ենք: Մենք 800 դոլարով չենք փոխադրի: Երբ մենք իմացանք, այդ ժամանակ լավ գին էին առաջարկում, իսկ երբ հասանք, գներն արդեն իջել էին », – ասում է վարորդ Սոսոն:
Մեկ այլ վարորդի խոսքով, արդեն երկրորդ օրն է ինչ նա սպասում է:
«Մենք չենք գնում, մեզ վարձում են դեպի Պյատիգորսկ, Ռոստով, Վոլգոգրադ, Կիսլովոդսկ, Մոսկվա կարտոֆիլ փոխադրելու համար: 800 դոլարով փոխադրումը քիչ է, դիզվառելիքի, մաքսազերծման, միլիցիայի (խմբ. ոստիկանների) ծախսերը հանած, մեզ ոչինչ չի մնում: – ասաց վարորդը:
Կարտոֆիլն առայժմ վաճառվում է 1 լարիով, սակայն վերավաճառողները փորձում են իջեցնել կարտոֆիլի գինը: Էժանացման հույսով, նրանցից ոմանք, հասնելով Ախալքալաք, չեն շտապում կարտոֆիլ գնել, գների նվազման ակնկալիքով սպասում են հյուրանոցներում: