Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքի շրջանը: Որոշ տեղերում բերքահավաքն ավարտվել է, որոշ տեղերում դեռ չի սկսվել, իսկ որոշ գյուղերում՝ ընթացքի մեջ է։ Այս տարի բերքը բավականին լավն է, բայց կոմբայնների և գնորդների պակաս կա:

Ախալքալաքում հացահատիկը չեն ցանում հիմնական եկամտի նպատակով, ոմանք ցանում են ցանքաշրջանառության, իսկ ոմանք՝ սեփական կարիքների համար։ Ամռան սկզբին որոշ գյուղերում կարկուտը վնասեց հացահատիկի ցանքատարածությունները: Նրանք, ովքեր ունեին հնարավորություն, մասամբ վերականգնեցին իրենց բերքը, իսկ որոշ գյուղերում, որտեղ կարկուտը հողին էր հավասարեցրել բերքը, հացահատիկը հավաքվեցին որպես անասնակեր։

Ֆերմեր Հովիկ Մուրադյանն արդեն հավաքել է հացահատիկի բերքը և գոհ է բերքից:

«Այն վայրերում, որտեղ կարկուտը մնասել էր, բերքը այնքան էլ լավ չի ստացվել, 1հա-ից հավաքվել է 2-3 տոննա, իսկ մնացած տեղերում բերքատվությունը կազմել է 4-5 տոննա/հա, բայց առայժմ գնորդներ չկան: Ես հացահատիկը ցանում եմ ցանքաշրջանառության համար»,- ասում է Հովիկ Մուրադյանը։

Ըստ ֆերմերների, այժմ ցորենի 1 կգ-ն արժե 50 թեթրի, իսկ գարու 1 կգ-ը՝ 45 թեթրի։

Դիլիսկա գյուղում հացահատիկի բերքահավաքն ընթացքի մեջ է:

«Բերքը լավն է, բայց գինը վատն է, ցորենի 1 կգ-ի դիմաց 50-60 թեթրին ծախսը չի փակում, ցորենի ինքնարժեքը 55-60 թեթրի է: Ես 20 հա եմ ցանել: Գնորդներ էլ չկան։ Անցած տարվա բերքի 40 տոկոսն էլ է մնացել, չի վաճառվել, և հիմա էլ դեռ չի վաճառվում»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։

Բարալեթ, Էխտիլա գյուղերում հացահատիկի բերքահավաքը դեռ չի սկսվել։

Էխտիլա գյուղից Արտավազդ Դարբինյանն ասում է, որ իրենց գյուղում հիմնականում հացահատիկ ցանում են սեփական կարիքների համար:

«Շատ չենք ցանում, դրա համար էլ գնորդները չեն գալիս մեզ մոտ: Չգիտեմ այս տարի բերքն ինչպիսին կլինի, դեռ չենք սկսել»,- ասում է Արտավազդ Դարբինյանը։

Ախալքալաքի ցորենը խոշոր ալրաղացները գնում են ալյուրի արտադրության համար, գարին գնում են տեղացի և այլ վայրերից եկած գնորդները՝ անասունների համար։ Տեղացիները ցորենից կորկոտ, բլղուր, փոխիձ են պատրաստում և վաճառում։ Այս մթերքները շատ են օգտագործվում են տեղի տնային տնտեսուհիների կողմից:

Ախալքալաքի մունիցիպալիտետում սեփական կոմբայնները քիչ են, բերքահավաքի սեզոնին այստեղ տեխնիկան բերում են այլ մունիցիպալիտետներից։ Այս տարի դեռ դրանք չեն բերվել և նկատվում է պակաս։

«Երևի Խիզաբավրայում դեռ չեն ավարտել, որ մեզ մոտ բարձրանան: Մեր գյուղում մի կոմբայն ունենք, մեկն էլ այսօր դրսից են բերել։ Բերքը լավն է, մեր գոտում կարկուտ չի եկել, բայց գինը չգիտենք, գնորդները դեռ չեն եկել։ Երբ փոխանակում ենք, վաճառողները 1 կգ-ը 60 թեթրիով են հաշվում»,- ասում է Միշա Ստեփանյանը Վարեւանից։

Ըստ ֆերմերների նախնական հաշվարկների, այս տարվա հացահատիկի բերքատվությունը մունիցիպալիտետում ակնկալվում է միջինը 4 տոննա/հա։