Ախալքալաքի մունիցիպալիտետի կարտոֆիլի պահեստներում մինչև հիմա դեռ մնացել է նախորդ տարվա կարտոֆիլի բերքը։ Ֆերմերները դժվարանում են կողմնորոշվել՝ նետել աղբանոց, թե գուցե այն հնարավոր լինի վաճառել։ Կարտոֆիլի իրացման խնդիրն արդիական է գրեթե ամեն տարի։ Ամեն ինչ գնում է նրան, որ Ախալքալաքի ֆերմերների կարտոֆիլը հայտնվելու է աղբանոցում, ինչպես և 2021թ..ին: Jnews-ը որոշեց պարզել, թե ինչու է այդպես լինում։

Ֆերմերների ձեռքը չի գնում անցյալ տարվա կարտոֆիլը դեն նետել, քանի որ այն դեռ ամբողջովին չի փչացել ցուրտ եղանակի պատճառով։ Մնացած կարտոֆիլը ցանելն իրատեսական չէ, նախ՝ այդքան հողատարածք է հարկավոր ունենալ, և հետո՝ մշակման հնարավորություններ ու միջոցներ են պետք, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նոր բերքը նույն ճակատագրին չի արժանանա։

Անցած տարվա կարտոֆիլը մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում մնացել է, մի քանիսում՝ ավելի շատ, որոշներում՝ ավելի քիչ։ Ախալքալաքի և Նինոծմինդայի ֆերմերները դրա պատճառը համարում են Ռուսաստանից և Բելառուսից կարտոֆիլի մեծ ներկրման մեջ։

Ալաստան գյուղից Նաիրի Մելտոնյանն ունի 20 տոննա նախորդ տարվա կարտոֆիլ։

«Դեռ չեմ նետել աղբանոց, բայց գործը դեպի դրան է գնում: Գնորդներ չկան, տանում ենք ուրիշ քաղաքներ, 25 թեթրիով ենք ծախում, ծախսերը փակում ես ու էլ բան չի մնում։ Մեր տարածքի գյուղերում շատ է մնացած կարտոֆիլը, մեր ճանապարհները վատն են, գնորդները չէին գալիս: Հետո շատ կարտոֆիլ են բերել Ռուսաստանից, Բելառուսից, այնտեղ լավ բերք են ունեցել, ոչ մի տեղ չեն կարողացել վաճառել ու բերել են Վրաստան: Այնտեղ էժան էր: Շուկաներում շատ ներկրված կարտոֆիլ կա »,- ասում է Նաիրի Մելտոնյանը։

Նրա խոսքով, գնորդներն իրենց գյուղ չեն էլ մտել, անգամ սակարկելու հնարավորություն չեն ունեցել։ Ընդամենը մի քանի գնորդ են ունեցել ապրիլ, մայիս ամիսներին։

Ֆերմերներն ասում են, որ այս տարի էժան է նաև նոր կարտոֆիլը, ինչը պայմանավորված է նրանով, որ Ջավախքում հին կարտոֆիլը շատ է։

Այս պատճառով որոշ ֆերմերներ որոշել են կրճատել իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները:

«Այս տարի շատ քիչ կարտոֆիլ եմ ցանել, չնայած շատ ունեի: Ես կարծում եմ, անիմաստ է, նույն վիճակն է լինելու, ավելի վատ: Կամ Թուրքիան է մեզ «ճնշելու», կամ Ռուսաստանը, իսկ ինքնարժեքն ավելի ցածր չի լինի մեր մոտ, քանի որ տարեցտարի բերքատվությունը նվազում է, ծախսերն ավելանում են: Վերջին տարիներին միայն աշխատուժն ինչքան է թանկացել»,- ասում է Նաիրի Մելտոնյանը։

Ֆերմեր Ենոք Բաբաջանյանն Ախալքալաքի կարտոֆիլը պահեստներում մնալու պատճառը ևս համարում է կարտոֆիլի ներկրման մեծ քանակությունը։

«Ներմուծված կարտոֆիլը գեղեցիկ տեսք ունի, բայց համը լավը չէ: Բերվել է մեծ խմբաքանակներով: Գործում են ազատ շուկայական օրենքները: Գործարարները հենց տեսնում են, որ թանկանում է, անմիջապես սկսում են էժան կարտոֆիլ ներկրել Ռուսաստանից: Այս գործընթացում վերահսկողություն չկա: Նրանք ինտերնետով են պատվիրում, ոչ մի տեղ չգնալով, գումարը փոխանցում են»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Նման իրավիճակ է նաև հարևան Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Գորելովկայից Մկրտչյանի մոտ մնացել է 4 տոննա կարտոֆիլ: Նա ունի սեղանի կարտոֆիլ, որը չես կարող ցանել։

Տնտեսագետ և գյուղատնտես Սալոմե Գելաշվիլին ասում է, որ Ախալքալաքի կարտոֆիլը չի վաճառվել թանկ գնի պատճառով։

«Ամենայն հավանականությամբ, դա կարելի է բացատրել գների տարբերությամբ, ձեր կարտոֆիլն ավելի թանկ է, քան ներկրվածը, և դա բերում է ցածր պահանջարկի, հետևաբար, ներկրվող կարտոֆիլի պահանջարկն աճում է, ֆերմերները պետք է ինչ-որ կերպ իջեցնեն ինքնարժեքը: Նույնիսկ եթե պետությունն արգելի ներկրումը, ապա ստացվում է, որ մարդիկ կտուժեն, թանկ կարտոֆիլ կգնեն, մեծ թվով մարդկանց համար խնդիր կլինի: Դա ելք չէ, պետք է փոխել տեխնոլոգիաները, վերանայել այս արտադրական քաղաքականությունը, որպեսզի ինքնարժեքը նվազի: Գինը շատ կարևոր գործոն է»,- ասում է Սալոմե Գելաշվիլին։

Նա կարծում է, որ ազատ առևտրի պայմաններում լավագույնը ներմուծման հետ մրցակցելն է։

Սալոմե Գելաշվիլիի խոսքով, եթե կարտոֆիլը թանկ է, ապա որակը պետք է բարձր լինի, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցի թանկացված գինը։

«Եթե որակի մեջ տարբերություն չկա, ապա դա միշտ խնդիր է: Եվ հետո, պետությունը չի որոշում, թե որքան ներկրի, դա որոշում են դիստրիբյուտորներն ու սուպերմարկետները: Հենց ներմուծումը սահմանափակենք, ֆերմերներն անմիջապես թանկացնում են, իսկ կարտոֆիլն այնպիսի մթերք է, որ շատ է օգտագործվում»,- ասում է Սալոմե Գելաշվիլին։

Ստեղծված իրավիճակից ելքը նա տեսնում է կարտոֆիլագործների ասոցիացիայում ֆերմերների միավորման մեջ։

«Երբ յուրաքանչյուրն իր համար առանձին է, նրանց համար շատ դժվար է, բայց ասոցիացիային միանալիս ֆերմերները պետք է հույս ունենան, որ ասոցիացիան ինչ-որ կերպ կօգնի իրենց»,- ասում է փորձագետը։

geostat.ge կայքի վիճակագրության համաձայն, 2022 թվականին Վրաստանը ներմուծել է 4,108,3 հազար ԱՄՆ դոլարի կարտոֆիլ, իսկ 2021 թվականին՝ 2,589,8 հազար դոլարի, 2020 թվականին՝ 3,565,7 հազար դոլարի, 2019 թվականին՝ 2 439,2981 հազար դոլարի չափով։

Կարտոֆիլի ներմուծումն 2023թ.-ին ըստ ամիսների՝

Հունվար՝ 1410,8 հազար դոլարի,

Փետրվար՝ 1,154,6 հազար դոլարի,

Մարտ ՝ 2 620,6 հազար դոլարի,

Ապրիլ՝ 1928,3 հազ. դոլարի չափով: