Կկայունանա ռուսական ռուբլու փոխարժեքը, կթանկանա թե՞ կէժանանա բենզինը և այլ նավթամթերքը, այս և շատ այլ բաների մասին Jnews-ը զրուցել է «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Վլադիմիր Պապավայի հետ։
Ուկրաինայում պատերազմի պատճառով առաջին սպառողական շոկը փոքր-ինչ կայունացել է, ինչպիսի՞ն է այժմ տնտեսության հետ կապված իրավիճակը՝ պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց:
– Տնտեսական ամենամեծ խնդիրը, որը հատկապես մտահոգում է Վրաստանի և ոչ միայն Վրաստանի բնակչությանը, բենզինի և այլ նավթամթերքի թանկացումն է։ Բայց սա գլոբալ գործընթաց է, քանի որ ռուսական վառելիք գնելուց հրաժարվելու պատճառով էներգակիրների շուկայում մատակարարումները նույնպես նվազել են։ Բնականաբար, ամենացավալին՝ ոչ միայն այստեղ Վրաստանում է, այլ գրեթե ամենուր, սա հատկապես արդիական է Եվրոպայում:
Վրաստանում նավթամթերքի գների է՛լ ավելի բարձրացում սպասվո՞ւմ է:
– Վերջերս ես կարդացի ամերիկացի տնտեսագետի մի ուսումնասիրություն, ով ուսումնասիրում է ԱՄՆ-ում բենզինի գնի թանկացման հարցը և նման եզրակացում անում, որ ներկայումս գրեթե անհնար է կանխատեսել՝ գները կբարձրանան, թե՝ ոչ, որքան կբարձրանան, որքան ժամանակ այն կտևի։ Շատ բան կախված է նրանից, թե որքան արդյունավետ կգործեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որքան արագ կընթանա պատերազմն Ուկրաինայում։ Նաեւ շատ բան կախված է նավթաարդյունահանող մյուս երկրներից, որոնք կավելացնեն կամ չեն ավելացնի նավթի արդյունահանումը։ Եթե համաձայնեն թանկացմանը, ապա, բնականաբար, առաջարկը կավելանա, հետո գները կիջնեն։ Այսինքն՝ շատ պայմաններ կան, որոնք պետք է կատարվեն՝ սա և՛ պատերազմն է, և՛ նավթի արդյունահանումը, ուստի այս ամերիկացի տնտեսագետն ասում է, որ ԱՄՆ-ի համար գրեթե անհնար է կանխատեսել բենզինի և այլ էներգառեսուրսների գների աճ։ Եվ հնարավոր չէ կանխատեսել ժամանակը, թե որքան կտևի դա, նաև հնարավոր չէ կանխատեսել այդ բարձրացման մակարդակը, առավել ևս դա անհնար է Վրաստանի համար, որը ամբողջովին կախված է ներմուծումից։
Ի՞նչ այլընտրանք կարող է լինել ռուսական վառելիքին, եթե Վրաստանը հրաժարվի դրանից:
– Դժվար թե Վրաստանը հրաժարվի ռուսական էներգառեսուրսներից, քանի դեռ նույնիսկ Եվրամիությունը չի հրաժարվել։ Չնայած պատերազմին, Ռուսաստանից գազ գնում են: Առավելապես օգտագործվում է նաև գազատարը, որն անցնում է Ուկրաինայի տարածքով: Ըստ ամենայնի, Վրաստանը չի հրաժարվի էներգառեսուրսներ գնելուց։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես պետք է վճարել դրա դիմաց: Եթե Ռուսաստանը պնդի վճարումները կատարել ռուբլով, ապա վրացական կողմի համար դա սկզբունքորեն անշահավետ կլինի։ Քանի որ ռուբլին այն արտարժույթն է, որը մեծ տեմպերով արժեզրկվում է:
Ռուբլու փոխարժեքը սկսել է բարձրանալ՝ սա կայունացո՞ւմ է, թե՞ կայունացման տեսանելիություն։
– Սա ժամանակավոր կայունություն է, քանի որ արգելափակված են Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստները, արգելափակված են բոլոր այն ֆոնդերը, որոնք Ռուսաստանն ուներ արտարժույթով։ Ուստի նրան հասանելի են միայն ոսկեարժութային պահուստները, այն էլ՝ սահմանափակ ծավալներով։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ռուսական ռուբլու արժեզրկումը կշարունակվի։ Եվ դա նույնպես սկզբունքորեն շատ դժվար է կանխատեսել։
Վլադիմիր Պապավան 2001 թվականից ի վեր Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի Կիրառական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող և տնօրեն է: Պարոն Պապավան ավելի քան 25 տարվա փորձ ունի։ 1977 թվականին նա իր աշխատանքային գործունեությունը սկսեց Վրաստանի գիտությունների ակադեմիայի Պաատա Գուգուշվիլիի անվան տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողի կարգավիճակով։ 1991 թվականին դարձավ վերոնշյալ ինստիտուտի տնօրեն։ Նա նաև եղել է Թբիլիսիի պետական համալսարանի մակրոտնտեսագիտության պրոֆեսոր։ 1994-2000 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար: 2000 թվականին նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի տեղակալ: 2004-2007 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի ղեկավարի տեղակալն է եղել: 2005-2006 թվականներին Ֆուլբրայթի կրթաթոշակառու է եղել Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտում, Nitze School-SAIS-ում, Ջոն Հոփքինսի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան): 2013-2016 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր և տնտեսագիտության պրոֆեսոր, նաև Պաատա Գուգուշվիլիի տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող:
Քրիստինե Մարաբյան