Jnews-ը զրուցել է քաղաքագետ Գելա Վասաձեի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ պատահեց այնպես, որ 2020 թ.-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգին անցում չի լինի, ինչո՞ւ այդպես տեղի ունեցավ և ի՞նչ է դա նշանակում:

– Ի՞նչ տեղի ունեցավ երկրի խորհրդարանում, ի՞նչ էր սա:

– 90-ականներին, իր ժամանակին, դեռ Շևարդնաձեի օրոք, ընդունվեց մի համակարգ, երբ խորհրդարանի կեսն ընտրվում էր մեծամասնական ընտրատարածքներով, այսինքն՝ տեղում, իսկ պատգամավորների կեսը համամասնական կերպով՝ ըստ կուսակցական ցուցակների, այսինքն՝ մարդիկ քվեարկում էին կուսակցության օգտին, այլ ոչ թե մեկ անձի օգտին: Սկզբունքորեն, ինչո՞ւ էր արվել այս ամենը, եթե մեծամասնությունը չէր քվեարկում կուսակցության օգտին, ապա մեծամասնության մակարդակով միշտ էլ հնարավոր էր հավաքել ձերոնց: Օրինակ, Ջավախքում Հենզել Մկոյանն էր և հիմա էլ է: Հիմա բոլոր Եվրախորհրդի, Վենետիկի հանձնաժողովի և մնացածի հրահանգներն են… Ազգայնականները (խմբ. «Միասնական ազգային շարժում») խոստացան անցնել, նրանք խոստացան անցնել 2016 թ.-ին: 2016 թ.-ից Երազանքը խոստացավ (խմբ. «Վրացական երազանք»), բայց հետո ասաց՝ ոչ, մենք հիմա չենք պատրաստվում անցնել այս համակարգին, մենք կանցնենք 2020 թվականին: 2020-ը մոտեցավ, և սա արդեն գրառված է սահմանադրությունում, ասացին, որ մենք հիմա պատրաստ չենք, կանցնենք 2024 թվականին: Եվ երբ հունիսին բողոքի ցույցեր տեղի ունեցան՝ «Գավրիլովի գիշերը» և այլն, իշխանությունն ասաց՝ այո, վերջ, ոչ մի խնդիր, մենք անցում ենք կատարում համամասնական համակարգին:

– Իսկ ի՞նչ եղավ նոյեմբերի 14-ին:

– Եղավ այն, որ մեծամասնության պատգամավորները, այդ թվում՝ Հենզել Մկոյանը, ասացին. «Ոչ, մենք չենք ուզում անցում կատարել»: Այդ սահմանադրական փոփոխության համար էլ անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն: Նրանք քննարկում էին, Բիձինա Իվանիշվիլին նրանց հավաքել էր, պատգամավորները, այդ թվում և Հենզել Մկոյանը, ասաց՝ այո, այո, ես ուզում եմ, ես կքվեարկեմ այս օրինագծի օգտին, որովհետև ասես համոզել էին նրան: Եվ, ըստ երևույթին, չէր համոզել մյուսներին: Հիմա, ուրեմն, հարցն այսպիսին է: Ընդդիմությունը և մնացածն ասում են, որ չեն հավատում, որ պատգամավորները իրենք են արել դա, որպեսզի Իվանիշվիլին ինքը դա չաներ: Եթե նույնիսկ իրոք դա այդպես է եղել, ոչ ոք չի հավատա դրան, անհնար է հավատալ դրան:

– Այսինքն՝ 2020-ին մենք քվեարկելու ենք հին համակարգո՞վ:

– Այո, մնում է հին համակարգը: Մենք ընտրելու ենք թե մեծամասնական պատգամավորին և ըստ ցուցակների:

– Իսկ 2024 թվականի՞ն:

– 2024-ին, համարվում է, որ պետք է անցում կատարեն, բայց փաստ չէ: Չէ՞ որ 2016-ից դա ձգձգվում է, որ մենք կանցնենք, կանցնենք ու ի՞նչ:

– Ինչո՞ւ խորհրդարանը չկարողացավ պայմանավորվել 3 օրվա ընթացքում, ի՞նչ որոշեցին նրանք:

– 3 օր ցույց էին տալիս, որ համոզում են այդ մեծամասնականներին քվեարկել համամասնական ընտրակարգի օգտին: Եվ, իբր, չէին ցանկանում և վերջնական առումով չեն համոզել: Ես կրկին ասում եմ, նույնիսկ եթե դա այդպես է, ոչ ոք դրան չի հավատա, երբեք: Այնպես որ, Իվանիշվիլին չկարողանար համոզել այն պատգամավորներին, որոնց նա լիովին վերահսկում է:

– Ինչո՞ւ է մեծամասնական համակարգը ձեռնտու նրանց համար:

– Իհարկե ձեռնտու է: Ամեն ինչ շատ պարզ է: Շրջաններում հաղթում է փողը: Շրջաններում հաղթում են նրանք, ովքեր ունեն բիզնեսներ, քաղաքական ազդեցություն և այլն: Ովքեր համարվում են շրջանների տերը: Եթե մենք որպես օրինակ վերցնենք Ջավախքը, ապա Հենզել Մկոյանին ընտրություններում հաղթելը շատ դժվար է: Գնա ու հաղթիր նրան: Այսինքն՝ դուք դեռ ընտրելու եք Հենզել Մկոյանին, և յուրաքանչյուր շրջան ունի այդպիսի Մկոյաններ:

– Այսինքն՝ իշխանությունը չկատարե՞ց իր խոստումը:

– Այո, այդպես է: Բայց հիմա գործընթացներ սկսվեցին: Նախ՝ նրանք, ովքեր համարվում էին արևմտամետ՝ Չուգոշվիլին, Խուլորդավան և ևս 7 պատգամավոր, հեռացան «Վրացական երազանքից»: Երկրորդը՝ Ինա Ինաշվիլին, ով բացարձակապես ռուսամետ է, մենք դա շատ լավ գիտենք: Նա նախապես հայտարարել էր փողոցային ցույցերի մասին: «Վարդերի հեղափոխությունից» հետո առաջին անգամ արևմտամետև ռուսամետ ուժերը միասին հայտարարում են բողոքի ցույցերի մասին, միաժամանակ:

– Արդյո՞ք իշխանությունները չէին մտածում, թե ինչ հետևանքներ կարող են առաջ գալ:

– Ես ունեմ իմ սեփական վարկածը, թե ինչու կարող էր դա անել Իվանիշվիլին: Կարծում եմ, որ վերջում նրանք ամեն ինչ հաշվարկեցին և եկան այն եզրահանգման, որ իրենք պատրաստ չեն ստեղծել կուսակցությունների այս շարքը, որոնք, եթե հանկարծ լինեն, իրենց հետ կոալիցիայի մեջ՝ կարողանան պահպանել իշխանությունը: Համամասնական համակարգում «Երազանքը» մեծամասնություն չէր ստանա: Հետևաբար անհրաժեշտ էին կուսակցություններ, որոնք բացարձակապես իրենցն էին, որոնք պատրաստ էին կոալիցիա կազմելու իրենց հետ: Այդպիսիք շատ էին: Գրեթե բոլորը, բացառությամբ Ազգայինների (խմբ.ՄԱՇ): Գրեթե բոլորը հավանաբար պատրաստ էին: Հետո խնդիրները կսկսվեին: Դրանից հետո կսկսվեր սակարկումներ: Ինչ-որ պահի Իվանիշվիլին հասկացավ, որ ինքը չի կարողանա ստեղծել իր կուսակցությունները, չի հասցնում, իսկ համաձայնել օտարների հետ հնարավոր է, բայց այդ դեպքում դա կհանգեցնի ճգնաժամի: Եվ մեկ տարի անց կրկին ընտրություններ և այլն: Հետևաբար, որոշեցին պահպանել հին համակարգը:

– Հնարավո՞ր է փոխել խորհրդարանի այս որոշումը:

– Այս որոշումն այժմ գրեթե անհնար է փոխել, բայց եթե խորհրդարանը նորից հավաքվի, այն կրկին քվեարկության կդնի, և եթե այն պատգամավորները, ովքեր դեմ էին քվեարկել նրանց, կստիպեն քվեարկել իրենց օգտին, բայց սա այժմ ծայրաստիճան անհավանական է: Միակ սցենարը, որ հնարավոր է, դա այն է, որ ճնշման տակ… Ես դա կկոչեի հայկական սցենար, այն, ինչ Երևանում եղավ, այսինքն՝ դրսում գտնվող ամբոխի ճնշման տակ խորհրդարանն ընդունեց այն, ինչ պահանջում էին ցուցարարները:

Քրիստինե Մարաբյան