Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ճնշումների պատճառով «Լելո» կուսակցությունից համամասնական ցուցակներով 4 թեկնածու հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Ախալքալաքի կուսակցության շտաբի պնդմամբ, թեկնածությունից հրաժարում եղել է, բայց միայն մեկ թեկնածու, ոչ թե՝ չորսը:
Ինչպես հաղորդվել է ԶԼՄ-ներում, Ախալքալաքում Համայակ Զաքարյանը, Հայկանուշ Չոլախյանը, Վարդանուշ Զաքարյանը և Արմենակ Չոլախյանը հրաժարվել են մասնակցել առաջիկա ընտրություններին: Ըստ Ախալքալաքում «Լելո» կուսակցության ներկայացուցչի, այս տեղեկատվությունը կեղծ է, քանի որ այս պահին ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է միայն մեկ թեկնածու: Նա տեղյակ չէ հրաժարականի պատճառների մասին:
«Խոսքը հորեղբորս տղայի և նրա կնոջ մասին էր (խմբ. Համայակ Զաքարյան, Վարդանուշ Զաքարյան): Նրանք ասացին, որ նման բան չի կարող լինել: Նույնը ինձ ասացին Չոլախյանները: Նրանք զարմացած էին, որ իրենց անունները թեկնածությունից հրաժարվողների թվում են հայտնվել: Այս ամենը սուտ է: Միայն մեկ հոգի` Արարատ Պապիկյանն է հրաժարվել մասնակցությունից: Գուցե զանգահարել, ասել են, կամ էլի ինչ֊որ մի բան: Ես նույնիսկ չգիտեմ դրա պատճառը: Նրա հրաժարականը ոչինչ չի լուծում, ցուցակներում ունենք 36-37 հոգի: Եվ մենք արդեն ստացել ենք բոլոր փաստաթղթերը, որ մենք գրանցված ենք: Ես որոշումն ունեմ», – ասում է Զաքար Զաքարյանը:
Այսօր ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ևս երկու կուսակցությունների թեկնածուներ ենթարկվել են ճնշումների: Կուսակցության կողմից ճնշումների մասին տեղեկություններ տարածվում են վերջին 2 օրերին: