Մարտի 11-ին՝ Մեծ պահքի Միջինքի օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 4-րդ անգամ անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը:

Փառատոնի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով և ժամերգությամբ: Այնուհետև, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կողմից օրհնվեցին բոլոր գաթաները, որից հետո հայկական տարազներով աղջիկները մատուցեցին ներկաներին: Եղան երջանիկներ, ովքեր իրենց բաժին գաթայում հայտնաբերեցին ավանդական մետաղադրամը, ինչը նշանակում է, որ տարին հաջողակ է լինելու վերջիններիս համար:

Փառատոնն իր շուրջն էր համախմբել Ջավախք աշխարհի տիկնանց, ովքեր ամենայն սիրով ու ջերմությամբ էին թխել միջինքի գաթաները: Նրանք առանձնահատուկ կերպով էին պատրաստվել ամենամյա դարձած փառատոնին: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Ջավախքի շուրջ 11 գյուղեր, 10-ից ավելի կազմակերպություններ և 55 կանայք:

Տարեցտարի Փառատոնն ընդարձակում է իր սահմանները՝ տարածվելով նաև գյուղերում: Այն կանայք, որվքեր փառատոնին ներկայացել էին սեփական ձեռքերով թխած գաթաներով՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանից ստացան պատվոգրեր և խրախուսական նվերներ:

Արդեն չորս տարի շարունակ փառատոնին իր ներդրումն է բերում «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը: Այս տարի ևս նրա սաներն իրենց ներկայությամբ, երգով ու պարով ամբողջական ու ներկայանալի դարձրին փառատոնը:
Haykakan gata Javakhk7

Haykakan gata Javakhk6

Haykakan gata Javakhk8

Haykakan gata Javakhk5

Haykakan gata Javakhk13

 

Haykakan gata Javakhk10

Haykakan gata Javakhk11

 

Haykakan gata Javakhk3

Haykakan gata Javakhk2

Haykakan gata Javakhk4

Haykakan gata Javakhk

Աղունիկ Այվազյան