Երեկ՝ օգոստոսի 5-ին, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մեղադրեց իշխանություններին իրենց` «Հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածուների վրա ճնշումներ գործադրելու մեջ, այդ իսկ պատճառով, ըստ հայտարարության, Ախալքալաքում՝ ի թիվս այլոց, իր թեկնածությունը հրաժարվեց առաջադրել Լորանդ Եզոյանը:
Կուսակցությունից հայտնեցին, որ տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուները ճնշումների են ենթարկվում իշխող կուսակցության և հատուկ ծառայությունների կողմից: Jnews-ը զրուցեց իր թեկնածությունից հրաժարված թեկնածուներից մեկի՝ Լորանդ Եզոյանի հետ:
«Սկզբում ես ցանկանում էի միանալ մեկ կուսակցության և դառնալ պատգամավոր: Ես ուզում էի անդամագրվել Էլիսաշվիլիի կուսակցությանը: Այս կուսակցությունն ամենահարմարն էր, քանի որ համագործակցում է Օցնեբայի (խմբ. Վրացական երազանք) հետ: Բայց նրանք խաբեցին, կոնտակտներ տվեցին, հաղորդագրություններ ուղարկեցին, եկան վերջին օրերը, ես սպասում եմ՝ ոչինչ չկա: Գախարիայի կուսակցությունում ես ծանոթ ընկերներ ունեմ, ես ասացի նրանց: Այդ ժամանակ Գախարիայի կուսակցությունն այստեղ չկար, նրանք վերջերս են հայտնվել: Ես ուզում էի պատգամավոր դառնալ, որպեսզի ունենայի ամբիոն, որպեսզի ես կարողանամ խոսել քաղաքականության մասին: Ես շատ եմ սիրում քաղաքականությունը, նրանցից լավ եմ հասկանում քաղաքականությունից», – պատմում է նա իր որոշման մասին:
Հիմնական պատճառը, որ նա ցանկանում էր անդամակցել նախ իշխող կուսակցությանը, իսկ հետո նախկին վարչապետի կուսակցությանը, ըստ Լորանդ Եզոյանի, այն էր, որ նա թշնամանք է զգում նախկին նախագահ Սաակաշվիլիի անձի և, հետևաբար, «Միասնական ազգային շարժման» նկատմամբ:
«Ես ուզում էի դեմ լինել «նացիոնալներին»: Մնացածը այդքան ձայն չեն հավաքում: Ես դեմ չեմ Իվանիշվիլիին: Ես ցանկանում էի գրանցվել որպես թեկնածու, բայց հայտնվեցի խաղից դուրս», – ասում է նա:
Նա որոշեց դառնալ «Հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածուն, քանի որ կարծում էր, որ այս կուսակցությունը ընդդիմադիր չէ:
«Ես հարգում եմ Գախարիային՝ հսկայական աշխատանք կատարելու համար: Եթե չլիներ Գախարիան, նրանք, հավանաբար, դժվար թե այսքան ձայն հավաքեին: Ես կարծում էի, որ Գախարիան մինչև վերջ դաշինքում է Իվանիշվիլիի հետ: Տղաներն ինձ ասացին, որ նա ընդդիմադիր ուժ է, գլխավորը, որ նա «Օցնեբա»-ի՝ Իվանիշվիլիի թշնամին է: Թե ո՞վ է կոնկրետ ասել, կարիք չկա բարձրաձայնելու: Նրանք Օցնեբայի տղաներն էին: Բացի այդ, նա հանդիպում էր կազմակերպել Մելիայի հետ: Ինչպե՞ս կարող էր հանդիպել նրա հետ: Եթե Գախարիան դեմ է Օցնեբային, ես չեմ ծախի Օցնեբային: Ես «Օցնեբա»-ի մարդն եմ: Ես այսքան տարի պայքարում եմ նրանց համար: Ճիշտ է, ես դրա համար ոչինչ չեմ ստացել, բայց չեմ կարող նրանց ծախել: Ես ուզում էի լինել պատգամավոր Գախարիայի կուսակցությունից և օգնել Օցնեբային: Նրանք հեռատես քաղաքական գործիչներ չեն: Նրանք չեն հասկանում, եթե ես մտել եմ, ապա դա ձեզ ցախելու համար չէ, ես պատգամավոր կլինեմ, կդառնամ ձեր աջակիցը: Եթե ես իմանայի, որ Գախարիան Մելիայի կամ Սաակաշվիլիի հետ է, ես նույնիսկ չէի մտածի այնտեղ մտնելու մասին»:
Ճեպազրույցում ճնշումների մասին հայտարարության վերաբերյալ Լորանդ Եզոյանը պատասխանեց. «Ուրիշ հարցեր ևս կային: Տնեցիներին վերաբերող, անձնական որոշ հարցեր»:
Նշենք, որ ձայնագրությունից դուրս «Հանուն Վրաստանի» կուսակցության նախկին թեկնածուն խոստովանեց իր վրա հատուկ ծառայությունների կողմից ճնշումների մասին: Հավելենք, որ Լորանդ Եզոյանի փեսան գործարար է, հանդիսությունների սրահի սեփականատեր, ով միակն էր, որ տուգանվել է կորոնավիրուսի կանոնակարգերի խախտման համար: Նրա ռեստորանը ժամանակավոր փակվել էր, չնայած այն հանգամանքին, որ հարևան Նինոծմինդա քաղաքում հանդիսությունների սրահներում շարունակվում էին հարսանիքներն ու հոգեհացերը: