Ախալքալաքի ներքաղաքային ու ներհամայնքային ճանապարհները տարվա բոլոր եղանակներին դժվարանցանելի են։ Շարքից դուրս եկած ասֆալտն ու մեծ ճանապարհափոսերը վարորդների համար իսկական փորձություն է: Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ որոշ փողոցներում փոսային աշխատաքներ, որոշներում էլ հիմնանորոգում:
Արդեն երկու տարի է ինչ Ախալցիխե-Ախալքալաք և Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհները քարուքանդ վիճակում են, ճանապարհների տարբեր հատվածներում մեծ փոսեր են առաջացել։ Վարորդները մշտապես բողոքում են։
«Օրը մի քանի անգամ այս ճանապարհով գնում գալիս եմ, գործս է այդպիսին, ամեն անգամ մի նոր փոս է ի հայտ գալիս։ Միգուցե քաղաքում՝ իրենց աշխատավայրերում հանգիստ նստածների համար մեկ է այս ճանապարհի վիճակը, բայց մեզ համար իսկական մղձավանջ է։ Մեկ-մեկ մտածում եմ այս պետությունն անտեր է», – JNEWS-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Իրավիճակն առավել բարդ է Ախալքալաքի Ջավախեթի փողոցի դեպքում։ Սա միջպետական նշանակության ճանապարհ է, որտեղով հիմնականում երթևեկում են բեռնատարները: Փողոցի սկզբի հատվածից մինչև վերջնամաս մեծ և խորը փոսեր են:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ հենց եղանակային պայմանները բարելավվեն կսկսվի փոսային աշխատանքները, իսկ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը կասֆալտապատվի, որի աշխատանքները մեկնարկել էր դեռևս 2020 թվականին։
«Ջավախեթին միջպետական ճանապարհ է, մենք այդտեղ ծառայություն չենք մատուցում, բայց սկսվել են Ախալցիխե-Ախալքալաքի ճանապարհի վերականգնման աշխատանքները: Մոտ 3 կմ արդեն ասֆալտապատ է, այդ ճանապարհն այս տարի պետք է հասներ մինչև Ջավախեթի փողոցի կեսը՝ մինչև դատախազության շենքի մոտ, սակայն նահանգապետարանում այդ հարցը բարձրացրինք, խոստացան, որ մինչև լուսարձակների մոտ կասֆալտապատվի։ Իսկ քաղաքի մնացած փողոցներում հենց եղանակը մի քիչ տաքանա, անպայման փոսային աշխատանքներ կիրականացվեն», – վստահեցնում է Ախալքալաքի քաղաքապետը։
Ախալքալաքի ներքաղաքային ճանապարհները «կարկատելու» համար տեղական բյուջեից այս տարի 230 000 լարի է հատկացվել։
Հարկ է նշել, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսից: Ընդհանուր պիտի վերանորոգվի «Կորխիս Ծղալի» կամրջից ճանապարհի շուրջ 7 կմ հատվածը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով:
Տվյալ ծրագրի շրջանակներում՝ 2021 թվականին, Ախալքալաքի կենտրոնում կկատարվի փոսային նորոգում՝ Ազատություն և Դարբինյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհների վերականգնման էլեկտրոնային մրցույթն իրականացնելու վերջնաժամկետը 2 տարի է:
Գայանե Ակոջյան