Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը եվրոպական երկրների դեսպանների, միջազգային տարբեր կազմակերպությունների և Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյի շենքում հանդիպեցին երիտասարդների հետ, լսեցին նրանց և քննարկեցին խնդիրներ։

Հասան Խալիլի հետ հանդիպմանը ներկա էին Վրաստանում ներկայացված 8 երկրների դեսպաններ՝ Էստոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի, Բուլղարիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների։ Տեղական ինքնակառավարման մարմիններից հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ։

Տեղական իշխանությունների և եվրոպական երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ խնդիրների քննարկման էին եկել քաղաքի դպրոցների բարձր դասարանի աշակերտները։ Քննարկման ընթացքում շոշափվեցին շրջանի երեխաների խնդիրներն ու իրավունքները, թե ինչպես են այդ խնդիրները լուծում ստանում տեղական իշխանությունների կողմից։ Բարձր դասարանցիները խոսեցին այն մասին, թե ինչն է իրենց անհանգստացնում և ինչն է իրենց կարծիքով հարկավոր փոխել:

Խոսք գնաց քաղաքի տարբեր միջոցառումների ժամանակ կամավորականների պասիվությանը, երեխաների աշխատանքի չարաշահմանը, մունիցիպալիտետի երիտասարդության շրջանում տարածված առցանց խաղերի սպառնալիքին, գյուղերում հասարակական տրանսպորտի բացակայությանը և այլն:

Դեսպանները և Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը լսեցին երիտասարդներին և հայտնեցին իրենց տեսակետները, խոսեցին այդ խնդիրների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Նրանք ասացին, որ որոշ խնդիրներ, օրինակ՝ առցանց խաղերի սպառնալիքը, առկա է ոչ միայն Վրաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Իտալիայի դեսպանը պատմեց, թե ինչպես են կամավորներն աշխատում Իտալիայում: Դեսպանները նշեցին տարածաշրջանի ինտեգրման կարևոր դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

Ախալքալաքում հանդիպումը կայացավ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում սեպտեմբերի 19-ից անցկացվող երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի շրջանակներում։ Շաբաթվա ընթացքում, երեխայի իրավունքներին նպաստելու նպատակով, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մի քանի միջոցառումներ է անցկացրել Սամցխե-Ջավախքում: Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը 8 երկրների դեսպանների ուղեկցությամբ բացեց նաև «Երեխաների իրավունքների կենտրոնը»։ Ինչպես նաև դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա գտնվեցին Ախալքալաքի «Ապագայի տան» սաների համար նախատեսված արտադասարանական պարապմունքներին:

posli1