Ի՞նչ անի գյուղացին, երբ դաշտերում խոտ չկա, իսկ եղածն էլ այնքան թանկ է վաճառվում, որ մարդիկ ստիպված են վաճառել անասուններին:

Ախալքալաքից ուղիղ գծով 22 կմ հեռավորության վրա է գտնվում Մերենիա գյուղը։ Բնակչության 90%-ն այստեղ զբաղվում է անասնապահությամբ:

Ջավախքում հիմա խոտհունձի ակտիվ ժամանակն է: Մերենիայում դժգոհում են, որ տարին բարենպաստ չէր:

«Խոտն այս տարի շատ քիչ է, չէինք սպասում, որ այսպես կլինի: Այսպիսի չորություն վերջին տարիներին չէր եղել: Հույսերս մեր դաշտերն էին, մտածում էինք, որ կկարողանանք բավարար խոտ հնձել, բայց երաշտն իր սև գործն արել է», – ասում է գյուղի բնակիչներից Մհեր Ղանդոյանը:

Վերջինս հինգ կով ունի, բայց բավարար քանակի խոտ չունի։

«Խոտի գինը շատ թանկ է այս տարի: Մի տուկը 10-ից 12 լարի է: Ես այդքան միջոցներ չունեմ խոտ գնելու, դրա համար արդեն մտածում եմ կովերը վաճառելու մասին»,- ասում է նա:

Համեմատած անցած տարվա հետ խոտի գինն այս տարի թանկացել է մոտավոր 2-ից 4 լարիով, իսկ խոտի դեֆիցիտը հանգեցնում է կենդանիների թվաքանակի կրճատմանը։

Մերենիայում նաև նշում են, որ անասուններին վաճառելն էլ այդքան հեշտ գործ չէ, նրանք շաբաթներով պետք է գնորդի սպասեն, որոնք իրական արժեքից շատ ավելի քիչ են գնահատում իրենց կովերին:

«Գյուղացու ունեցածը չի գնահատվում: Մեր ապրանքի գինը գնորդն է որոշում, ուզում ես, թե՝ ոչ, այդքան են վճարում: Այսինքն՝ գյուղացին տարբերակ չունի»,- ավելացնում է Մերենիա գյուղի մեկ այլ բնակիչ:

Բանն այն է, որ գնորդները մի կովը գնահատում են 1200-ից առավելագույնը 1500 լարի: Ընդհանուր հաշվարկներով գյուղում կա մոտավորապես 300 գլուխ կով:

«Գնորդները հարմար գին չեն տալիս: Ես խնդրի առաջ եմ կանգնած, դեռ բավարար քանակով խոտ չեմ կարողացել հնձել, գյուղի համար հատկացված դաշտավայրերում խոտ չկա, ստիպված ուրիշ դաշտավայր եմ փնտրում, որ հնձեմ: Եթե չկարողանամ խոտ հավաքել, ստիպված եմ կովերին վաճառել»,- ասում է Մերենիա գյուղի բնակիչ Սամսոն Ղանդոյանը:

Գոհար Ղանդոյան