Ֆազիլ Իսկանդերի միջազգային գրական մրցանակի ժյուրին հաստատել է կարճ ցուցակը հինգ անվանակարգերում։ Եզրափակիչ են անցել 29 հեղինակ և չորս թարգմանիչ։ Նրանց թվում է ջավախահայ գրող Կարինե Խոդիկյանը՝ «Հացի ու մահվան հոտը» պատմվածքով։

«Երկար ցուցակում ընդգրկված 158 աշխատանքներից ժյուրիի կողմից հինգ անվանակարգերում կարճ ցուցակի համար ընտրվել են 29 հեղինակներ և չորս թարգմանիչներ։ Մրցույթի աշխարհագրությունը նույնպես լայն է՝ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, Լիպեցկ, Կազան, Կուրսկ, Նիժնի Նովգորոդ, Ուֆա, Յարոսլավլ, Ղրիմի Հանրապետություն, Չելյաբինսկի մարզ, ինչպես նաև Աբխազիա, Հայաստան, ԱՄՆ, Տաջիկստան և այլ երկրներ»,- նշում են մրցանակը սահմանող ռուսական ՊԵՆ-Կենտրոնում։

2022 թվականին մրցույթն անցկացվում է հինգ անվանակարգերում՝ գեղարվեստական գրականություն, պոեզիա, մանկապատանեկան գրականություն, ռուսերեն թարգմանություններ, կինոսցենար և դրամատուրգիա։ Կարինե Խոդիկյանը «Անգին գանձ» անվանակարգում է հայտնվել (ռուսերեն թարգմանություններ)։ Ընդհարձակ ցուցակում ընդգրկված է գրողի «Հացի և մահվան հոտը» պատմվածքը, որը տպագրվել է անցյալ տարի «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում Տատյանա Մարտիրոսյանի թարգմանությամբ։

Մրցանակի հաղթողները կհայտարարվեն 2022 թվականի դեկտեմբերին։

Ծնունդով Ախալքալաքից Կարինե Խոդիկյանը հայ դրամատուրգ է, սցենարիստ, արձակագիր և լրագրող։ Աշխատել է «Գարուն» ամսագրում որպես արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր, եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Բացի այդ, գրողը ՄԱԿ-ի տեղեկատվական գրասենյակի միջազգային մրցանակակիր է, արժանացել է կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարի համար ՀՀ մշակույթի նախարարության մրցանակի, «Ոսկե եղեգ» պետական գրական մրցանակի, Հայաստանի լրագրողների միության «Ոսկե փետուր» մրցանակի և այլ բազում մրցանակների դափնեկիր է: