HEKS-EPER Georgia կազմակերպության կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների հարթակն Ախալքալաքում հանդիպում է անցկացրել երիտասարդների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական թեման եղել է երիտասարդների ինքնաիրացման խնդիրներն ու ուղիները։

Հանդիպումը տեղի է ունեցել Jnews-ի գրասենյակում։ Հանդիպմանը հրավիրված էին Ջավախքում գործող հինգ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը չէին եկել «Միացյալ ազգային շարժում», «Վրացական երազանք» և «Լելո» կուսակցությունների ներկայացուցիչները։ Մասնակցում էին «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի մարզային ներկայացուցիչ Նիկոլոզ Բեգիաշվիլին և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության մարզային ներկայացուցիչ Սոփո Խորգուանին։ Հանդիպման մասնակիցների թվում էին նաև Վրաստանի բուհերը վերջերս ավարտած 5 երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ISFED կազմակերպության դիտորդը։

Jnews-ի «Ջավախքի ապագան» հաղորդումների շարքի շրջանակում ներկայացնում ենք հանդիպման հիմնական ասպեկտները։