Հոկտեմբերի 18-ին Ջավախքում բացվեց «Կարծախ» նոր մաքսակետը, որի արդյունքում սկսեց գործել ևս մեկ վրաց-թուրքական սահմանակետ:

Ինչպես հաղորդել է «Ինտերպրեսնյուսը», զուգահեռաբար թուրքական կողմից էլ սկսեց աշխատել «Ակդաշ-Չիլդիր» մաքսակետը:

Վրաց-թուրքական սահմանին հարող տարածքում նոր մաքսակետերի բացման հետ կապված անցկացվեց հանդիսավոր միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Թուրքիայի վաճառքի և մաքսակետի նախարար Ջենաբ Աշչին և այլ պաշտոնյաներ Վրաստանից և Թուրքիայից: Միջոցառման ժամանակ նշվեց, որ նոր մաքսակետերի բացումը կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարանցման ներուժի բարձրացմանը և տեղի բնակչության աշխատանքային զբաղվածությանը:

Ըստ Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության, ժամանակակից մաքսային ենթակառուցվածքների և արդյունավետ կառավարման մաքսային ընթացակարգերի զարգացումը` երկրի կարևոր առաջնահերթություններից մեկն է:

«Առաջին փուլում մաքսային կետում, հատուկ ուսուցման ծրագիր անցնելու հիման վրա, աշխատանքի է տեղավորվել 70 մարդ (մաքսավորներ, ֆիտոսանիտարական և անասնաբուժական ծառայությունների աշխատակիցներ, սպասարկող աշխատակազմ և այլն), որի 80-85% -ը տեղի բնակիչներն են: «Կարծախ» մաքսակետի կառուցման և կահավորման ընդհանուր արժեքը կազմել է 11.532.940 լարի: Նախագծի սկզբից մինչ օրս, շինարարական աշխատանքներում աշխատում էր 200 մարդ, որոնցից 40-50-ը տեղի բնակիչներ են», – ասվում է եկամուտների ծառայության հաղորդագրությունում: