Շատ հաճախ առաջանում են հարցեր, որոնք թվում են հեշտ լուծելի, սակայն սխալ մոտեցման դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Կանանց և աղջիկների շրջանում տարածված հարցերի շուրջ JNEWS-ը զրուցել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Ասյա Գուլիևայի հետ:
Ինչո՞ւ է կարևոր այցելել գինեկոլոգի:
Գինեկոլոգի մոտ այցի գլխավոր նպատակն է ժամանակին գտնել խնդիրը՝ ճիշտ և գրագետ աշխատել և էֆեկտիվ բուժել:
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրիկներին, որոնք ունեն դեռահաս աղջիկներ:
Կցանկանամ առաջնային նշել այն փաստը, որ ծնողները շատ ուշադիր են իրենց երեխաների նկատմամբ: Իմ երկարամյա փորձից կարող եմ ասել, որ 10 տարվա կտրվածքով բավականին շատ փոփոխություն է նկատվում ծնողների շրջանում: Ես դա կապում եմ այն փաստի հետ, որ այս ծնողները, այն գիտակից սերունդն են, որոնք ավելի տեղեկացված են, քան իրենց մայրիկներն ու տատիկներն էին: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ հարցին, ապա մայրիկները պետք է ուշադիր լինեն աղջիկ երեխաների հանդեպ հատկապես սեռահասունացման շրջանում՝ հետևեն դաշտանային ցիկլին, խնդիրների կամ դրա բացակայության, խանգարումների, չկարգավորման դեպքում անհապաղ դիմել մասնագետի: Շատ կարևոր է նաև, որ մայրիկները ուշադիր լինեն երեխաների հիգիենային: Երեխան ծնողի կողմից պետք է տեղեկացված լինի, թե ինչպես դա ճիշտ կազմակերպի:
Ո՞ր հիվանդություններն են ավելի շատ տարածված մեր շրջանում:
Եթե խոսենք տարածված հիվանդությունների մասին, ապա կնշեմ, որ դրանք բաժանվում են երկու ձևի: Առաջինը՝ որոնք կապված են հորմոնների հետ, հիմա շատ են տարածված հորմոնային խանգարումները, որոնց պատճառները տարբեր են և շատ են, օրինակ՝ էկոլոգիան, ապրելաձևը, զբաղվածությունը, սպորտով զբաղվելու պասիվությունը: Եվ երկրորդ՝ ինֆեկցիաները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, իսկ դա էլ իր հերթին կապված է տղամարդկանց միգրացիայի հետ, որոնք չբացահայտելու և չբուժելու դեպքում կարող են մինչև իսկ հղիության ժամանակ հանգեցնել պտղի աճի կանգին: Այս ամենը ևս խոսում է գինեկոլոգի այցելելու կարևորության և խնդրի արագ բացահայտման անհրաժեշտության մասին:
Ի՞նչ անել տարաբնույթ ցավերի դեպքում, արդյո՞ք ճիշտ է դեղատներից ցավազրկողներ գնել և համարել, որ նորմալ է այդ ցավերի առկայությունը:
Շատ հեշտ է խմել ցավազրկող և որոշ ժամանակ մոռանալ այդ մասին, սակայն անհրաժեշտ է գտնել այդ ցավերի առաջացման պատճառները, որոնք կարող են տարբեր լինել, օրինակ՝ մրսածություն, հորմոնալ խանգարումներ և այլն: Ոմանք համացանցում են որոշ բաներ կարդում, խմում են դեղահաբեր չմտածելով, որ այդ դեղահաբերի ընդունումը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, մինչդեռ յուրաքանչյուր ցավ խնդրի ազդանշան է մեզ համար, որի դեմ պայքարելու համար պետք է մասնագետի օգնությունը:
Ի՞նչ անվճար բժշկական ծառայություններ կամ ծրագրեր կան Ախալքալաքում, որպեսի կանայք ավելի հաճախ սկսեն դմել մասնագետ-բժշկի օգնությանը:
Հատուկ առանձնացված ծրագրեր կանանց համար որպես այդպիսին չկա: Սակայն գոյություն ունի ապահովագրություն, որը տրվում է տեղամասային բժշկի կողմից և դրա շրջանակներում գործում են զեղչեր՝ պետական ծրագրի շրջանակներում:
Լիդա Ալմասյան