Վրաստանում ծայրահեղ ազգայնական խմբավորումների կողմից կազմակերպված անկարգությունների հետևանքների, լրագրողներին և անցորդներին ծեծի ենթարկելու, այս իրավիճակում եկեղեցու և Ռուսաստանի դերի և շատ ավելիի մասին JNEWS-ը զրուցել է Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատող Գիորգի Բադրիձեի հետ:

Երեկվա իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան Վրաստանի իմիջի վրա:

– Շատ վատ կանդրադառնան: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ «Երազանքի» կառավարությունը խոսում է արևմտյան կուրսի, ժողովրդավարության մասին, սակայն իրականում այն պարզապես պատճենում է ռուսամետ օլիգարխիայի բոլոր ամենաբացասական տարրերը, այդ թվում` նկատի ունեմ ոչ միայն «սիրախաղը», այլ աջակողմյան ուլտրաազգայնականության հետ գործընկերությունը, ես կասեի՝ բացահայտ ռուսամետ ուժերի: Երեկ մենք դա սեփական աչքերով տեսանք: Երբ սկզբում Վարչապետը, կարելի է ասել, նախապես տրվեց այս խմբերին, իսկ արդեն երեկ, երբ նրանք անցան գործողություններին, նա գործնականում ոչինչ չարեց: Եվ հակադրությունը շատ վառ է, երբ արևմտամետ ուժերը բողոքում էին պատգամավոր Գավրիլովի ներկայության դեմ՝ խորհրդարանի խոսնակի տեղում, ապա այս կառավարությունն անհամաչափ դաժան ուժ գործադրեց բողոքականների դեմ: Երեկ նա գործնականում նախապես արձակեց ամենաագրեսիվ խմբերի ձեռքերը, որոնք այս ագրեսիան առաջին հերթին ուղղեցին լրագրողների և բոլոր նրանց վրա, ովքեր պատահականորեն հանդիպում էր նրանց, այդ թվում` օտարերկրացի զբոսաշրջիկների, բոլորովին պատահական անցորդների:

Ինչպե՞ս դա կազդի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա:

– Ուղղակիորեն շատ վատ կազդի: Օրինակ, որոշ ժամանակ առաջ արտգործնախարարն խոսում էր այն մասին, որ 2024 թվականին կառավարությունը պատրաստվում է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար: ԵՄ-ն ոչ միայն չի ընդունում մի երկրի, որտեղ չկա օրենքի գերակայություն, որտեղ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է բռնություն գործադրող արմատական խմբերի հետ: Ովքեր, ամենայն հավանականությամբ, մտածում են, որ կօգնեն նրանց պահպանել իշխանությունը: Սա է հիմնական խնդիրը: Կարծում եմ, որ հետևանքները երկրի համար ամենաբացասականը կլինեն:

Վրաստանում եղել են բացասական հայտարարություններ դիվանագիտական ներկայացուցչությունից, ինչպե՞ս են գնահատվել կառավարության գործողությունները:

– Եթե երեկվա իրադարձությունները սխալմունք լինեին, ապա այսօր մենք արդեն տեսած կլինեինք իրավապահ մարմինների ակտիվ գործողությունները, որոնք կսկսեին ձերբակալել այս անկարգությունների, բռնի գործողությունների, հարձակումների բոլոր մասնակիցներին: Դրանց մեծ մասը կարելի է բացահայտել հաշված րոպեների ընթացքում: Ես կարող եմ ձեզ ցույց տալ այս բախումներին մասնակից անձանց լուսանկարները, այդ թվում՝ նրանց լուսանկարները, որոնք արվել են Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին: Ահռելի քանակությամբ նյութերի հետ միասին, որտեղից հնարավոր էր բացահայտել հարձակվողներին: Միայն մի քանի մարդ է բերման ենթարկվել: Ես կասեի, որ նրանք ոչ միայն ոչ մի գործողություն չձեռնարկեցին, այլ իրենց ներողամտությամբ խրախուսեցին, նախորդ օրը վարչապետը ուղղակի ասաց, որ Արժանապատվության երթը դա Սաակաշվիլիի կողմից սադրանք է: Նա փորձեց այս ակցիան կապել ընդդիմության հետ՝ հասարակության մի մասին հակառակ տրամադրելով այս ակցիային, գործնականում աջակցեց այս գործողությունները:

Ուլտրաազգայնականների ո՞ր գործողություններն ավելի շատ կազդեն երկրի ընկալման վրա՝ լրագրողներին նպատակաուղղված ծեծի ենթարկելը թե ԼԳԲՏ+ համայնքի վրա հարձակումը:

– Կարևոր չէ, թե ում էին նրանք ուզում ծեծել կամ ում են իրականում ծեծել, յուրաքանչյուր դեպքում սա սահմանադրության խախտում է, ժողովրդավարական պետության ամենատարրական նորմերի խախտում: Այնտեղ, որտեղ պետությունը չի պաշտպանում մարդկանց որոշակի խմբերի իրավունքները, ուրեմն այնտեղ ոչ ոք պաշտպանված չէ: Սա չի կարող ունենալ ոչ մի արդարացում: Այն փաստը, որ պետությունը չի կատարել իր ժողովրդավարական պարտավորությունները, այն պարզապես չի կատարել իր գործառույթներն ընդհանրապես:

Ինչպիսի՞ն է ՎՈՒԵ-ի դերը, որը ագրեսիվ տրամադրվածների առաջին շարքերում էր, ով բռնության կոչ էր անում:

– Դա պետք է իրենցից հարցնեք, իմ ճանաչած շատ մարդիկ արդեն միանշանակ համոզվել են, որ վրաց եկեղեցու ներսում կա շատ ուժեղ խմբակցություն, կարելի է ասել, ոչ միայն հակաարևմտյան, այլ ռուսամետ: Ուստի ցավում եմ, բայց այն, ինչ մենք երեկ տեսանք, ոչ մի կապ չունի քրիստոնեության, քրիստոնեական արժեքների հետ: Բռնության և դաժանության, ատելության կոչը ոչ մի ընդհանուր բան չունի քրիստոնեության հետ: Այնպես որ, եթե ոչ օրենքի առաջ, ապա եթե հավատում են Աստծուն՝ կպատասխանեն նրա առաջ:

Իրարանցման ընթացքում, ՎՈՒԵ-ի որոշ քահանաներ ուղիղ բռնության կոչ էին անում, ինչը քրեականորն պատժելի հանցագործություն է, բայց արդյունքում ոչ ոք չձերբակալվեց: Ինչո՞ւ:

– Փաստն այն է, որ նույնիսկ նրանց, ովքեր, ինչպես ասացի, ֆիզիկապես բռնություն էին գործադրել լրագրողների ու անցորդների նկատմամբ, չեն ձերբակալվել, չգիտես ինչու, կառավարությունը կարծում է, որ հոգևորականությունը վեր է օրենքից: Ի դեպ, եկեղեցական օրենքների համաձայն, այս քահանան, ով ուղիղ բռնության կոչ էր անում, պետք է հեռացվի հոգևոր ծառայությունից, եթե մեր եկեղեցում պահպանվել են ինչ-որ քրիստոնեական օրենքներ:

Այսօր, ի աջակցություն անկարգությունների իրենց ՖԲ-էջերում, միջադեպից լուսանկարներ են տեղադրվել Ռուսաստանում իշխանությանը մոտ գտնվող որոշ անձանց կողմից, օրինակ՝ Դուգինի: Սա նշանակու՞մ է, որ դրսից միջամտություն է եղել:

– Ես չեմ ուզում շահարկել, բայց այն փաստը, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Վրաստանում արմատական աջակողմ-ազգայնական ուժերին, հայտնի է վաղուց, և դա ունի իր հաստատումը: Այդ թվում՝ Նավալնիի խմբի ուսումնասիրությունները, որ այդ խմբերը ֆինանսավորվել են Ռուսաստանից: Այն փաստը, որ իրենց շատ է մտահոգում նրանց վիճակը և կանգնած են իրենց թիկունքում, փաստ է: Անկախ նրանից՝ նրանք ուղղակիորեն ղեկավարել են ինչ-ինչ գործողություններ, թե ոչ, ես փաստեր չունեմ: Բայց նրանք միմյանց դաշնակիցներ են համարում, դա փաստ է:

Снимок экрана 2021-07-06 в 5.59.23 PM

Գիորգի Բադրիձեն կադրային դիվանագետ է 1992 թվականից: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի վարչության պետի (1996-98) և Ամերիկյան գրասենյակի տնօրենի (2004-2006): Նա աշխատել է որպես լիազոր նախարար և առաքելության ղեկավարի տեղակալ Թուրքիայի Հանրապետությունում (1999-2002) և Մեծ Բրիտանիայում (2007-09) Վրաստանի դեսպանատներում: 2009-2013 թթ Բադրիձեն աշխատել է որպես Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Վրաստանի դեսպան: Նա նաև Վրաստանի մշտական ներկայացուցիչն էր Միջազգային ծովային կազմակերպությունում: 2013 թ.-ին նա միացել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամին և Թբիլիսիի պետական համալսարանում ու Կովկասի համալսարանում հանդիսանում է միջազգային հարաբերությունների և քաղաքականության հրավիրված դասախոս: