Jnews-ը զրուցել է GSAC (Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոն) քաղաքագետ և տնտեսագետ Վալերի Ճեճելաշվիլիի հետ հիբրիդային պատերազմի, Վրաստանում քարոզչության դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրների և մեթոդների մասին։
Ինչպե՞ս է ազդում Վրաստանի վրա հիբրիդային պատերազմ-քարոզչությունը: Ինչպե՞ս են երկրում պայքարում քարոզչության դեմ:
– Երկրում ունենք ազատ տեղեկատվական տարածք։ Այսինքն՝ մեզ մոտ ցանկացած մարդ ցանկության դեպքում կարող է օգտվել տեղեկատվության ցանկացած աղբյուրից՝ անկախ նրանից, թե դա որտեղից է։ Ես կարծում եմ, որ սրանում է կայանում մեր ուժը, և սա առաջին հերթին նշանակում է, որ մենք չենք վախենում այս ապատեղեկատվությունից։ Սա չի նշանակում, որ պետք չէ իմանալ, թե դա ինչ է, և որ, մյուս կողմից, հարկավոր է ցորենը առանձնացնել հարդից, իսկ ճշմարտությունը՝ կեղծիքից։
Որքանո՞վ բավարար տեղեկատվություն կա Վրաստանում, որպեսզի ցույց տա իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա, օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Որքանո՞վ է տեղեկատվությունը ստուգվում:
– Այս տեղեկատվական դաշտից այսօր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի արդյունքում վերանում է գորշ գոտին, և այն դառնում է էլ ավելի բևեռային, այդ տեղեկատվական դաշտը դառնում է կա՛մ սպիտակ, կա՛մ սև։ Հետևաբար, հիմա այն մարդու համար, ով ուզում է պարզել իրավիճակը, դա անելը շատ ավելի հեշտ է, քան մի քանի տարի, նույնիսկ ամիսներ առաջ: Որովհետեւ այսօր Կրասնոդարի երկրամասի, Բրյանսկի կամ Բելգորոդի կամ Մոսկվայի մարզի տարածքում ռազմական գործողություններ չկան։ Այս ռազմական գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի տարածքում, նախապես հայտարարելով այդ մասին, Ռուսաստանը զորքեր է ուղարկել և վարում, ինչպես ինքն է անվանում, ի դեպ, սա հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, նա դա պատերազմ չի անվանում, այլ անվանում է հատուկ ռազմական գործողություն: Ինչը չի դիմակայում ոչ մի քննադատության, քանի որ հազարավոր ռուս զինվորներ են զոհվում Ուկրաինայի տարածքում։ Բացի այդ, կան բազմաթիվ աղբյուրներ, կան ռուսական աղբյուրներ, կան ուկրաինական աղբյուրներ, կան եվրոպական, ամերիկյան և այլն։
Ես ինքս ստիպված եմ գրեթե ամեն օր մեկնաբանություններ անել։ Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իհարկե, ես հասկանում եմ, որ ոմանք Ռուսաստանի հետ կապված որոշակի զգացմունքային հարիմաստություն կամ Ռուսաստանի հետ կապված բարեկեցության որոշակի աղբյուրներ ունեն, բայց պետք է հասկանալ, որ ժամանակակից աշխարհում և այն քաղաքականության հետ, որը վարվում է Ռուսաստանում, այսօր այս բարեկեցության աղբյուրները չեն կարող կայուն լինել, և դրանք շատ անվստահելի են: Այս տեսանկյունից, կարծում եմ, ավելի լավ է դասակարգել, թե ինչն է կոչվում ճշմարտություն, և իրականում ինչն է կոչվում անճշմարտություն։ Դա լավ կլինի յուրաքանչյուր մարդու համար առանձին-առանձին։
Ելնելով նրանից, որ Ռուսաստանի գրեթե բոլոր լրատվական ալիքները հեռարձակում են պետական քարոզչություն, արդյո՞ք Վրաստանը փորձում է իր բնակչությանը պաշտպանել այդ քարոզչությունից:
– Իհարկե, ռուսական որոշ քարոզչական ալիքներ հասնում են բացարձակապես աներևակայելի բաների, և, ի դեպ, որոշ բաներ ուղղված են անմիջականորեն մեր կողմը։ Օրինակ՝ Վրաստանին ուղղված անվերջ մեղադրանքները, թե մենք կենսաբանական զենք ենք արտադրում որոշ հովանավորվող կենսաբանական լաբորատորիաներում և այլն։ Եվ այդ լաբորատորիաների ուղղությամբ հրթիռներ արձակելու սպառնալիքները և այլն։ Եվ որոշ դեպքերում, հավանաբար, իմաստ ունի արգելել նման ալիքները։ Ի դեպ, ես նկատում եմ մի շատ հետաքրքիր միտում, որ կաբելային ցանցերը սկսում են ռուսական որոշ հեռուստաալիքներ փոխարինել ուկրաինական հեռուստաալիքներով, չնայած նրան, որ բնակչությունը ուկրաիներենին շատ ավելի վատ է տիրապետում, քան ռուսերենին, այնուամենայնիվ, դա տեղի է ունենում առանց պետության ազդեցության։ Բայց ամենակարևորը, կարծում եմ, այստեղ այս դեպքում ամեն ինչ այնքան պարզ է, այնքան ընդգծված, որ մտածում եմ դրան պետք է հակադարձել նորմալ, օբյեկտիվ տեղեկություններով։ Սկզբունքորեն, մարդկանց մեծ մասը, վստահ եմ, որ ամեն դեպքում տեղեկատվական աղբյուրների ազատ մրցակցության պայմաններում ճիշտ ընտրություն կկատարի։
Վալերի Ճեճելաշվիլին 2016 թվականից Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող է: 1989-ի հոկտեմբերից հանդիսանում է դիվանագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ երկրորդ քարտուղարից մինչ Արտաքին գործերի փոխնախարար (1998-2000): Նա ֆինանսների նախարարն է եղել 2005 թ.-ին և Արտաքին գործերի առաջին փոխնախարարը (2005-2007): Նա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիիրավ դեսպան է եղել (1994-1998թ.թ.), ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում (2004-2005 թ.թ.), զբաղեցրել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, եղել է «Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) գլխավոր քարտուղարը (2007-2016 թ.թ.):