Տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 2-ին: Այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետում ընդդիմադիր կուսակցություններից միայն «Եվրոպական Վրաստանն» է առաջադրել Ախալքալաքի քաղաքապետի իր թեկնածուին` Արսեն Կարապետյանին: JNEWS-ը հրապարակում է տեղեկատվություն բոլոր թեկնածուների, նրանց քաղաքական ուղու, փորձի և նրանց անունով գրանցված սեփականության մասին:
Արսեն Կարապետյանը ծնվել է Ախալքալաքում, 1982 թվականին: Արսենն ունի 2 բարձրագույն կրթություն: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ քրեական իրավունքի թեքումով, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը` «Իրավագիտություն» մասնագիտությամբ: Ամուսնացած է, ունի 3 երեխա (երկու տղա և մեկ աղջիկ):
Աշխատանքային փորձ, քաղաքականություն
Բանակում ծառայելուց հետո Կարապետյանն Վրաստանում աշխատել է Պետական անվտանգության ծառայությունում (ՊԱԾ): Վարդերի հեղափոխությունից հետո՝ 2003-2007 թվականներին, նա աշխատել է Վրաստանի հակակոռուպցիոն անվտանգության համակարգում: 2007-2013 թվականներին ղեկավարել է Նինոծմինդայի ոստիկանական բաժամունքը: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին Արսեն Կարապետյանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածուն էր: Հետո դարձավ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչը Ջավախքում, առաջադրվեց որպես թեկնածու՝ թե խորհրդարանական, թե ՏԻՄ ընտրություններում: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է որպես «Եվրոպական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու:
«Մարդը պետք է պայքարի ոչ թե հանուն պաշտոնի, այլ հանուն փոփոխությունների: Գլխավոր ուղերձս կայանում է նրանում, որ ես փոփոխություններ եմ ցանկանում ամբողջ շրջանի համար, այլ ոչ թե ինձ համար պաշտոն և աշխատավարձ ապահովեմ»,- մեկնաբանում է Արսեն Կարապետյանը:
Բիզնես
Բաց տվյալների բազաների ռեսուրսներից ելնելով՝ Արսեն Կարապետյանը գրանցված է որպես երկու շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց` Ախալքալաքի «Off Road» ակումբի և Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի Ժողովրդավարական կառավարման զարգացման հիմնադրամի տնօրեն: Մի կազմակերպությունում նա նախագահն է, մյուսում` գլխավոր տնօրենը: Ոչ մի այլ բիզնես կամ ձեռնարկատիրություն նրա անունով պաշտոնապես գրանցված չէ:
Սեփականություն
Արսեն Կարապետյանն իր եկամուտների հայտարարագիրը ներկայացրել է 2013 թ.-ին: Նրա անունով Ախալքալաքի Թումանյան 34 հասցեում գրանցված է 440 ք/մ մակերեսով հողամաս, որը նա ստացել է նվիրատվության հիմքով: Վրաստանի անշարժ գույքի ռեեստրում այս հողամասը նշված է որպես Վրաստանի սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Ախալքալաքի մասնաճյուղի գրասենյակ: Նրա անունով գրանցված է նվիրատվության արդյունքում ստացված անշարժ գույք՝ 2000ք/մ գյուղատնտեսական նշանակության հողամաս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում:
«Ինչպես Վրաստանի այլ քաղաքացիների, այնպես էլ իմ անունով գրանցված է մեքենա: Զենքը՝ որպես նախկին զինվորական և որսորդ: Ես ունեմ հողամաս: Էլի բաներ կան, ինչի համար ես ազնվորեն աշխատել եմ և իմ այս տարիքում հասել դրանց: Ամեն ինչ կարելի է գտնել հայտարարագրերում և ռեեստրում», – ասում է նա:
Առաջնահերթություններ
Ըստ «Եվրոպական Վրաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանի, ցանկության դեպքում բնակչության կողմից ընտրված քաղաքապետը կարող է իրականացնել բոլոր առաջնահերթությունները:
«Տուրցխ գյուղի օրինակով ասեմ: Բնակչությունը ոչ միայն խմելու ջուր չունի, այլև այսօր անասուններն էլ ջուր չունեն, և որքան էլ հեգնական չհնչի՝ ձկները նույնպես մնացել են առանց ջրի: Այս ամենը անփութության և կոռուպցիայի հետևանք է: Այսօր ես չեմ գտնում, որ ընտրություններում բնակիչների ձայներով հաղթած մարդը չի կարող լուծել խնդիրներ: Կան միլիոնավոր էական խնդիրներ: Այն, ինչ էական է Խավեթի համար, կարող է էական չլինել Տուրցխի համար, և հակառակը: Օրինակը, որը բերեցի վերևում, կարող եմ օրինակ բերել բազմաթիվ գյուղերի դեպքում, որոնց յուրաքանչյուր իշխանության եկած ուժ, յուրաքանչյուր թեկնածու խոստանում է ինչ-որ բան և չի կատարում դրանք: Մենք խնդիրներ ունենք ջրի, հողերի սեփականաշնորհման հետ կապված: Կան խնդիրներ, որոնք կապված են քոչվոր-հովիվների հետ, խնդիրն այն է, որ առաջնային են դրսի ընկերությունները, որոնք գնումներ են կատարում, էլեկտրոնային մրցույթներ են շահում, իսկ մեր տեղի բնակիչներն ամբողջությամբ մոռացության են մատնված: Քաղաքապետը հնարավոր է որոշ հարցեր չլուծի, բայց կարող է դրանց մասին բարձրաձայնել», – ասում է Արսեն Կարապետյանը:
Քրիստինե Մարաբյան