JNEWS-ը բազմիցս անգամ անդրադարձել է քաղաքում և գյուղերում թափառող շների խնդրին: Սակայն այս հարցը երկար ժամանակ է լուծում չի ստանում և ինչպես պարզվում է էլեկտրոնային մրցույթ չի հայտարարվի այնքան ժամանակ, մինչև համապատասխան ընկերություն չգտնվի՝ կենդանիներին բռնելու և ստերիլիզացնելու համար:

Անօթևան ու թափառող շները վախի մեջ են պահում բնակչությանը, նրանց կարելի է հանդիպել գրեթե ամենուր:

«Ամեն անգամ երեխաներին տնից դուրս թողնելուց կամ խանութ ուղարկելուց վախենում ենք, որ ճանապարհին հանկարծ թափառող շների չհանդիպեն: Շները խմբերով շրջում են և վախ առաջացնում մարդկանց մոտ», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի բնակչուհի Գայանեն:

Հավելելով, որ երկար ժամանակ է կենդանիներին չեն ստերիլիզացրել և նրանք հիմնականում ագրեսիվ վարք են դրսևորում: Թեև ստերիլիզացումը լավագույն տարբերակը չէ, բայց այնուամենայնիվ համարվում է միակ լուծումը։

Ախալքալաքի քաղաքապետարանը տարեսկզբից բյուջեից 26 000 լարի է հատկացրել թափառող շներին բռնելու և ստերիլիզացնելու համար, բայց տարվա երկրորդ կեսն է, սակայն մինչ օրս էլեկտրոնային մրցույթ չի հայտարարվել:

JNEWS-ը փորձել է պարզել, թե ինչու՞մն է խնդիրը և ինչու՞ չի հայտարարվում համապատասխան մրցույթ:

Ախալքալաքի քաղաքապետարանի Բնապահպանական ծառայության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով, նրանք արդեն ուղարկել են տվյալները, որպեսզի մրցույթ հայտարարվի:

Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանն ասում է,որ իրենք ոչինչ չեն ստացել և այդ պատճառով էլ տենդեր չի հայտարարվել:

Մինչդեռ քաղաքապետարանի էկոնոմիկայի բաժնի ղեկավար Մնացական Փամբուխչյանն ասում է հետևյալը. «Արդեն ամեն ինչ պատրաստ է թղթաբանության հետ կապված, ուզում ենք հայտարարել մրցույթ, բայց խնդիրը նրանում է կայանում, որ մարդկանց չենք կարողանում գտնել, որ մեր ստանդարտներին համապատասխան կարողանան այդ գործողությունն իրականացնել»:

Մեր այն հարցին, թե այդ մարդկանց տենդերից հետո չէ որ պետք է ընտրեն, նա պատասխանեց՝ նախքան տենդեր հայտարարելը իրենք գիտեն, թե ով ինչպիսի ծառայություն է կարողանում մատուցել և իմաստ չի տեսնում տենդեր հայտարարելու մեջ մինչև չգտնեն համապատասխանող ընկերություն: